Sputnik Արմենիա․ Երասխի գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է

Sputnik Արմենիա․ Երասխի գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է

PanARMENIAN.Net - Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատի հարակից տարածք, հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ–ում տեղակայված ԵՄ առաքելությունը Twitter–ի իր էջում գրել էր, որ իր ներկայությամբ նպաստում են նյութերի և սարքավորումների ապահով և անվտանգ տեղափոխմանը նոր վայր, սակայն ավելի ուշ գրառումը հեռացվել էր և ներկայացվել խմբագրված տարբերակը։

Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է Երասխի տարածքում և համոզվել, որ շինարարությունը սառեցված է։ Գործարանի կառուցման վայրում աշխատակիցներից միայն պահակն է եղել։

Տեղացիները թղթակցին հայտնել են, որ գործարանը փաստացի տեղափոխվել է։ Վերջին օրերին նրանք նկատել են, թե ինչպես է աստիճանաբար շինհրապարակից հանվում ամբողջ ապրանքն ու տեխնիկան։ Նրանք նաև փաստել են, որ աշխատանքներն իսկապես տարվել են ԵՄ դիտորդերի հսկողությամբ։

«ԵՄ դիտորդները ներկա էին, որ աշխատողները կարողանան ամեն ինչ հանել, այլապես ադրբեջանցիները կրակում էին, թույլ չէին տալիս մտնել շինհրապարակ», - ասել է բնակիչներից մեկը:

Փաստացի գործարանն այժմ կառուցվում է Արարատ քաղաքին հարող տարածքում։ Ըստ Sputnik Արմենիայի տեղեկության` այնտեղ շինաշխատանքները մեկնարկել են դեռևս հուլիսին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից գործարանի տեղափոխման մասին տեղեկությունը ոչ հաստատել են, ոչ հերքել։

«Այս պահին քննարկումներ են ընթանում կառավարության մակարդակով», - նշեցին գերատեսչությունից:

«Հայկական ժամանակ» թերթը մեկնաբանություն է ստացել GTB հոլդինգից մամուլում տարածված` գործարանի տեղափոխման լուրերի մասին։

«Ոչ մի բան չի տեղափոխվել, չի կասեցվել և չի դադարեցվել։ Երասխն անպայման ունենալու է իր շարունակությունը։ Ինչպես ծրագրված ու նախատեսված էր, սա արտադրական պրոցեսի ընդամենը փուլերից մեկն է։ Թե ո՞ր փուլը, թույլ տվեք այս պահին չմանրամասնել»,– ասել են ընկերությունից։

Հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։

Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի սեփականատերերն են ամերիկյան Virtual Funding և CESI Global Investments ընկերությունները: Հուլիսի 14-ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին` զգուշացնելով, որ անզեն աշխատողների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերսկսման դեպքում իրենք դա կդիտարկեն որպես ուղիղ հարված ամերիկյան կապիտալին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---