Ջերմուկի ճոպանուղու վերանորոգմանը 26.8 մլն դրամ կհատկացվի

Ջերմուկի ճոպանուղու վերանորոգմանը 26.8 մլն դրամ կհատկացվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը 26.8 մլն դրամ կհատկացնի 2022թ․ ադրբեջանական ագրեսիայից վնասված Ջերմուկի ճոպանուղու վերանորոգման համար։

Նշվում է, որ վնասված ճոպանի փոխարինման միջոցով նախատեսվում է ապահովել Ջերմուկի բնակիչների, զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների հանգստի համար անվտանգ և բարեկեցիկ պայմաններ, վերականգնել համայնքի ենթակառուցվածքի անխափան գործունեությունը՝ նպաստավոր նախադրյալներ ստեղծել համայնքում զբոսաշրջության հետագա զարգացման համար, խթանել զբոսաշրջիկների ներհոսքը դեպի համայնք։

Միջոցառման արդյունքում կիրականացվի գլխավոր 2 կմ երկարությամբ ճոպանի ձեռք բերում, որը կազմում է ճոպանուղու մեկ պտույտը, տեղափոխում, փոխում և հիմնանորոգում, նախկին վնասված ճոպանի ապամոնտաժում, նոր ճոպանի մոնտաժում, համապատասխան դետալների և սարքավորումների փոխարինում՝ անվտանգ ուղևորափոխադրման նորմերին ու ստանդարտներին համապատասխան, մասնագիտական ծառայությունների մատուցում և այլն:

Ճոպանուղին սպասարկում էր տարեկան մոտ 25,000-30,000 այցելու՝ համայնքի բյուջե ապահովելով լրացուցիչ ֆինանսական մուտքեր։ Ճոպանուղին ներկայումս չի գործում և անձնակազմի մի մասը գտնվում է հարկադրված պարապուրդում և վճարվում է մասամբ:

Ճոպանուղին կառուցվել է 2007 թվականին իտալական Leitner կազմակերպության կողմից։ Այն քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների՝ հատկապես լեռնադահուկային սպորտի սիրահարների հիմնական այցելավայրերից մեկն է, ունի 2 սահուղի՝ 1450 և 1550 մետր երկարություններով։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---