16 սեպտեմբերի 2023 - 15:22 AMT
Էրդողանն առաջարկել է Արցախի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախի հարցով՝ ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների և իր մասնակցությամբ։ Այդ մասին նա ասել է ՄԱԿ ԳՎ նիստին մեկնելուց առաջ։

«Մենք առաջարկել ենք եռակողմ, նույնիսկ քառակողմ հանդիպում անցկացնել Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ՝ իմ, Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ»,– ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Էրդողանն ասել է, որ մտադիր է այդ հանդիպման գաղափարը քննարկել Ալիևի հետ։

Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով»: