22 սեպտեմբերի 2023 - 11:52 AMT
Բորել․ ԼՂ բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին

ԵՄ-ն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ափսոսանք է հայտնում այդ ամենի հետևանքով զոհերի և կորուստների համար։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

Դրանում նշվում է, որ ԼՂ-ի բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին, գրում է Factor.am-ը։

«Մենք ի գիտություն ենք ընդունել համապատասխան հայտարարությունները, որ ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն։ Մենք ակնկալում ենք ռազմական գործողությունների անհապաղ և ամբողջական դադարեցում ու հրադադարի պահպանում։ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին՝ թույլատրել անհապաղ ու անարգել հումանիտար օգնություն կարիքավոր մարդկանց, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական բացման միջոցով՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի ու հուլիսի որոշումների համաձայն։ Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան ազատորեն գործել։ ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ն Բաքվին և Արցախի հայերին կոչ է արել հրատապ ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ։

«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում ապրելու իրավունքը։ Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին։ ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ն նաև վերահաստատել է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և կոչ է արել Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համաձայն։

Նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է հետագայում էլ աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին՝ երկրում ժողովրդավարական բարեփոխումների կայունությանը, անվտանգությանը և շարունակմանը։

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը շարունակելու է դիտարկել և զեկուցել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում անվտանգության իրավիճակի մասին։

«ԵՄ-ն կոչ է անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները բոլոր առկախված հարցերի շուրջ՝ հաշվի առնելով խաղաղության պայմանագրի կնքումը, և լիովին հավատարիմ է մնում նման բանակցություններին աջակցելուն: ԵՄ-ն լիովին հավատարիմ է կողմերի միջև երկխոսությունը հեշտացնելուն, հատկապես՝ Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի աջակցությամբ, երկարատև խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։