ԱՄՆ պաշտոնյաները Գորիսում են. Հանդիպում են տեղահանվածներին, ծանոթանում խնդիրներին

ԱՄՆ պաշտոնյաները Գորիսում են. Հանդիպում են տեղահանվածներին, ծանոթանում խնդիրներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը Գորիսում են։ Նրանք ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի, ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ հանդիպում են Արցախից բռնի տեղահանված արցախցիների հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ամերիկացի պաշտոնյաների հետ զրույցում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է Գորիսում տիրող իրավիճակը։

«Ունենում ենք իրավիճակներ, որ, օրինակ, ավտոբուսը, որում միայն երեխաներ են, Լաչինի միջանցքում է, այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու, երեխաներ կան, որ թթվածնի կարիք ունեն կամ այլ խնդիրներ, բայց մենք չենք կարող նրանց հասնել»,– նշել է Ղուկասյանը։

Նա հավելել է, որ ավելի շատ Արցախից գալիս են կանայք և երեխաներ։ Իրավիճակը ծանր է, քանի որ Գորիս հասած մարդկանցից շատերը չգիտեն, թե որտեղ են նրանց ընտանիքի մյուս անդամները։

«Դա ավելի է բարդացնում մեր աշխատանքը, քանի որ մենք այդ մարդկանց չենք կարող Գորիսից այլ վայր տեղափոխել, նրանք չեն համաձայնում գնալ, քանի դեռ տեղեկություն չունեն հարազատների մասին, ուզում են մնալ ու սպասել նրանցից լուրի։ Ասում են` կսպասեմ ամուսնուս կամ երեխաներիս, նման հազարավոր ծանր պատմություններ ունենք»,– ասել է Սյունիքի մարզպետը։

Երբեմն էլ մարդիկ հասնում են, բայց իրենց իրերն այլ տեղում են բեռնատար մեքենաների մեջ, որոնք անհայտ է երբ տեղ կհասնեն։

«Մարդիկ գալիս են հաճախ միայն մեկ պայուսակով։ Նրանք ստիպված են եղել վազել` փրկվելու համար»,– նշել է մարզպետ Ղուկասյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ կապ չկա այս պահին Լաչինի միջանցքում գտնվող հարյուրավոր մեքենաների հետ։ Մարդիկ փորձում են գոնե քիչ քանակի վառելիք հայթայթել ՀՀ հասնելու համար։

Սամանտա Փաուերը հետաքրքրվել է` արդյոք Լաչինի միջանցքի արգելափակումը նաև Գորիսի տնտեսական վիճակի վրա է ազդել։

Մարզպետը նշել է, որ Գորիսը տուրիստական քաղաք է, և, իհարկե, ստեղծված իրավիճակն իր ազդեցությունն ունեցել է։ Բացի այն, որ Լաչինի միջանցքն է փակվել, նաև ճանապարհի փոփոխություն է եղել։ Եթե նախկինում Իրանից Հայաստան էին գալիս Կապան–Գորիս ճանապարհով, ապա հիմա Գորիսով չեն անցնում, և սա իր նկատելի ազդեցությունն է ունեցել քաղաքի վրա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---