ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը ՀՀ–ից պետք է մեկնի Ադրբեջան՝ նաև տեղում քայլեր ձեռնարկելու համար։ Այդ մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ Փաուերի Սյունիք այցի հիմնական նպատակը հումանիտար օգնությունն է, փորձ՝ այս իրավիճակի լուծումները գտնելու տեղում, հայտնում է Sputnik Արմենիան։
«Նա նաև իր աչքերով է ուզում տեսնել, թե ինչ է կատարվում, որ զեկուցի ԱՄՆ նախագահին»,– ասել է Հովհաննիսյանը։
Ըստ ՀՀ փոխարտգործնախարարի` միջազգային արձագանքն այս օրերին արդեն փոխվել է, և արդեն կան շատ հասցեական հայտարարություններ, որոնք, սակայն, այս իրավիճակում դեռ բավարար չեն։
«Կարծես` ոչ ոք իլյուզիա էլ չունի կատարվածի վերաբերյալ»,– նշել է նա։
Հարցին՝ ո՞րն է դիվանագիտական ոլորտում լուծումն այս ամենին, Հովհաննիսյանն ասել է, որ պետք է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, և Սամանտա Փաուերի այս այցը դրա վկայությունն է։
«Վստահ եմ՝ սա վերջին այցը չի լինի. կունենանք այլ գործընկերներ, որոնք կգան ՀՀ նույն նպատակներով, ինչ տիկին Փաուերը։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են հենց դրան, թե միջազգային կառույցների, թե գործընկեր բոլոր երկրների հետ մեր աշխատանքներում»,– վստահեցրել է ԱԳ նախարարի տեղակալը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: