ՄԱԿ-ը հասանելիություն ստանալու դեպքում կօգնի ԼՂ-ից տեղահանված և ՀՀ-ում հաստատված անձանց

ՄԱԿ-ը հասանելիություն ստանալու դեպքում կօգնի ԼՂ-ից տեղահանված և ՀՀ-ում հաստատված անձանց

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ն օգնություն կցուցաբերի ԼՂ-ից տեղահանված և Հայաստանում հաստատված անձանց, եթե նրանց հասանելիություն ապահովվի: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Նա նշել է, որ ՄԱԿ–ում ուշադիր և մեծ մտահոգությամբ են հետևում մարդկանց զանգվածային տեղաշարժին դեպի Հայաստան, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Եթե ՄԱԿ-ին հասանելիություն ապահովվի, մենք պատրաստ ենք հումանիտար կարիքների գնահատում կատարել և իրավիճակից տուժած անձանց օգնություն ցուցաբերել: Մենք ներկայացուցիչներ ունենք թե Հայաստանում, թե Ադրբեջանում: Նրանք պատրաստ են աջակցել օգնության ցանկացած ջանքի, եթե նման հնարավորություն տրվի»,- ասել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---