26 սեպտեմբերի 2023 - 13:58 AMT
Մետրոյի գնացքների ուշացումները պայմանավորված են տեխնիկական զննումով

Երևանի մետրոպոլիտենի գնացքների ուշացումները, հատկապես առավոտյան ժամերին, պայմանավորված են տեխնիկական զննումով։ Այդ մասին ասել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը, հայտնում է Արմենպրեսը:

«Բոլոր գնացքներն անցնում են տեխզննում: Այժմ սակավ գնացքներ են գիծ դուրս գալիս: Շահագործվում են այն գնացքները, որոնք անցել են տեխզննումը»,-ասել է Խաչատրյան։

Նա ընդգծել է, որ Երևանի մետրոպոլիտենի տնօրինության և անձնակազմի համար առաջնային է ուղևորների անվտանգությունը:

Շահագործման հանձնված գնացքներն առավոտյան կայարաններում են լինում 8 կամ ինը րոպեն մեկ:

«Գնացքների ծանրաբեռնվածությունը, հավանաբար, պայմանավորված է նաև նրանով, որ փակ են որոշ ճանապարհներ, տրանսպորտի հետ կապված խնդիրներ կան, և շատ ուղևորեր են մետրոյով երթևեկում: Եռակի, քառակի ծանրաբեռնված է ուղևորահոսքը»,-շեշտել է Խաչատրյանը:

Նա հստակ չի կարող ասել, թե տեխզննման աշխատանքները երբ կավարտվեն:

«Ամբողջ անձնակազմն աշխատում է, որ րոպե առաջ վերականգնվի Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը»,-եզրափակել է Տաթև Խաչատրյանը:

Սեպտեմբերի 23-ին ժամը 08:15-ին, Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ Ուղևորներն անվտանգ տարհանվել էին «Սասունցի Դավիթ» կայարան։ Ոչ ոք չէր տուժել։

Նախնական տվյալներով վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել և կիսով չափ դուրս էր եկել ռելսից։