Sputnik Արմենիա. Տեղահանվածների մեծ հոսքի պատճառով Գորիսում ռեսուրսներն ու սնունդը չեն բավարարում

Sputnik Արմենիա. Տեղահանվածների մեծ հոսքի պատճառով Գորիսում ռեսուրսներն ու սնունդը չեն բավարարում

PanARMENIAN.Net - ԼՂ–ից բռնի տեղահանված մարդկանց ընդունելու համար Գորիս քաղաքում ամենայն հավանականությամբ կբացվեն նոր կետեր։ Եղած ռեսուրսներն արդեն չեն բավարարում բոլորին օգնություն ցույց տալու համար, հայտնել է Գորիսում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը։

Արդեն իսկ երկու հավելյալ վրան է տեղադրվել Գորիսում բարեգործական կազմակերպությունների կողմից, որտեղ տեղահանվածներին տրամադրում են չոր սնունդ ու ջուր, բայց դա նույնպես չի բավարարում բոլորի կարիքները հոգալու համար։

Հայկական կարմիր խաչի ընկերությունում այս պահին նոր կետերի բացման կամ կամավորականների նոր խումբ Գորիս ուղարկելու մասին խոսակցություններ չկան։

«Կետերը բացում են պետական մարմինները, մենք միայն աջակցում ենք, որ լինի իրանք կհայտնեն, մենք էլ ըստ այդմ կմիանանք»,– ասել է Հայկական կարմիր խաչ ընկերության մամուլի խոսնակ Նունե Գրիգորյանը։

Ի դեպ, այս պահին ԼՂ–ից տեղահանված մարդկանց Գորիսից ավտոբուսներով հիմնականում տեղափոխում են Գեղարքունիքի մարզ։

«Սյունիքում գրեթե տեղ չկա մնալու, մի քանի տեղ է ազատվել միայն Կապանում։ Դրանք հիմնականում հյուրանոցներում կամ հյուրատներում են։ Իսկ Երևան տանում են միայն այն մարդկանց, որոնք մնալու տեղ ունեն։ Տեղահանվածների համար հատուկ տեղեր Երևանում չեն հատկացվել»,– ասել է Հայկական կարմիր խաչ ընկերության կամավոր Նարեկ Մկրտչյանը։

ԼՂ–ից տեղահանված մարդիկ ասել են, որ չեն ուզում գնալ Գեղարքունիք, քանի որ գուցե կրկին հայտնվեն սահմանամերձ գոտում։ Ասում են` ևս մեկ գաղթի չեն դիմանա։

ԼՂ–ից դեպի ՀՀ մեքենաների մեծ հոսքի պատճառով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին առաջացել է բազմակիլոմետրանոց խցանում: Շատերը ճանապարհին են անցկացնում ավելի քան 24 ժամ։ Հատուկ բացված կետերում նրանց սնունդ ու դեղորայք են տրամադրում։ Այստեղ նաև հագուստի տուփեր են դրված (հիմնականում`մանկական) նրանց համար, ովքեր ստիպված են եղել շտապ լքել իրենց տունն առանց իրերի։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---