Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ հայերի իրավունքների մասով բանաձև կպահանջի

Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ հայերի իրավունքների մասով բանաձև կպահանջի

PanARMENIAN.Net - Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում կպահանջի բանաձև ընդունել, որը պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Կատրին Կոլոննան՝ ելույթ ունենալով հանրապետության Սենատում։

Այդ պայմանները պետք է ներառեն արցախահայերի իրավունքների, այդ թվում՝ պատմական և մշակութային իրավունքների պահպանման հաստատուն երաշխիքներ։ Այդ նպատակով տեղում մշտական միջազգային ներկայություն է անհրաժեշտ, և Ֆրանսիայի բոլոր ջանքերի նպատակը դրան հասնելն է, հավելել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Յուրաքանչյուրը հասկանում է Մերձավոր Արևելքում ճգնաժամի ծանրությունը, բայց պետք է նայել նաև Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում տիրող իրավիճակին։ Ինչպես էլ Ադրբեջանը փորձի ներկայացնել իրավիճակը, հարկավոր է հայտարարել՝ այո, Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի հեռանալը Լեռնային Ղարաբաղից։ Սա ծայրահեղ ծանր հանցագործություն է, որին չի կարող արձագանք չհետևել»,- հայտարարել է նախարարը։

Նրա խոսքով՝ իրեն մնում է միայն վարչապետ Էլիզաբեթ Բորնից հետո կրկնել, որ «ոչ մի այլ երկիր Հայաստանի համար այնքան բան չի անում, որքան Ֆրանսիան»: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը կարելի է գտնել միայն բանակցությունների միջոցով, իսկ խաղաղությունը պետք է լինի արդար և երկարաժամկետ, հավելել է նա:

Այդ իսկ պատճառով Ֆրանսիան աջակցում է Եվրամիության միջնորդական ջանքերին և պահանջում է, որ Հայաստանի միջազգային իրավունքի, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում որևէ զիջում չլինի։

Պետք է Ադրբեջանին ազդանշան տալ, որ նա չգնա ուժի կիրառման ճանապարհով, և այդ ազդանշանները տրվում են, հավելել է նա։

Ավելի վաղ Երևանում Կոլոննան հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր։ Նախարարը վստահեցրել էր, որ Ֆրանսիան շարունակելու է չափազանց զգայուն լինել ՀՀ տարածքային ամբողջականության հարցում։

Photo. AFP
 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---