Քարդաշյան․ Արցախի հայերը ենթարկվեցին էթնիկ զտման, դեռ կան գերիներ և անհետ կորածներ

Քարդաշյան․ Արցախի հայերը ենթարկվեցին էթնիկ զտման, դեռ կան գերիներ և անհետ կորածներ

PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն աջակցություն է հայտնել իր հրեա ընկերներին, ովքեր դժվարին ժամանակներ են ապրում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության պատճառով: Instagram-ի իր հրապարակման մեջ նա նշել է, որ որպես հայ հատկապես զգայուն է նման թեմաների հանդեպ։

«Որպես հայ ես շատ զգայուն եմ նման թեմաների հանդեպ, քանի որ տարիներով խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին, իսկ հիմա, ամիսների շրջափակումից հետո, որը նվազագույն լուսաբանում ունեցավ մեդիայում և ոչ մի աջակցություն, Արցախի հայերը ենթարկվեցին էթնիկ զտման: Այս պահին նրանք ևս ծայրահեղ հումանիտար աղետի մեջ են, և դեռ կան գերեվարվածներ ու անհետ կորածներ», - գրել է Քարդաշյանը:

Նա նաև նշել է, որ «մեր սրտերում միշտ պետք է կարեկցանք լինի անմեղ զոհերի նկատմամբ»:

Քարդաշյանը կոչ է արել գործել, լինել ընկերների, գործընկերների կողքին, «բոլոր նրանց, ովքեր տառապում են»:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---