Արցախի ԱԺ պատգամավորը ՀՀ կառավարությանը հորդորել է ներել արցախցիների տուգանքները

Արցախի ԱԺ պատգամավորը ՀՀ կառավարությանը հորդորել է ներել արցախցիների տուգանքները

PanARMENIAN.Net - Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանը դիմել է ՀՀ կառավարությանը բռնի տեղահանված արցախցիների՝ սեպտեմբերի 25–ից հոկտեմբերի 31–ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների վարման ժամանակ արձանագրված խախտումների համար նախատեսված տուգանքները ներելու հորդորով։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Գիտակցեկով, որ օրենքի առջև բոլորն էլ հավասար են, խնդրանքիս պատճառն այն է, որ նշված կատեգորիայի վարորդներն Արցախում երթևեկել են առանց արագաչափերի հսկողության։ Մգեցված ապակիների, ապահովագրության, տեխնիկական զննման և մի քանի այլ հարցերի նկատմամբ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր ավելի լուրջ վերահսկողություն (մոտ 10 ամիս վառելիքի սղության պատճառով մեքենաները համարյա չեն շահագործվել և այլն)։ Հակառակորդի շարունակական ռազմական ագրեսիա, շրջափակում, բենզինի պահեստի չարաբաստիկ ողբերգություն, որից հետո բռնի տեղահանում` վարորդները հայտնվելով ՀՀ֊ում վարել են մեքենաները ճանապարհներին քիչ ծանոթ լինելով և ծանր հոգեբանական վիճակում։

Եթե գրառումս համապատասխան գերատեսչության պատասխանատուներին չհասնի, այն կներկայացնեմ գրավոր։

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին էլ խնդրանքս այն է, որ հնարավորինս շուտ ադապտացվենք մեզ համար նոր պահանջներին, ճանապարհային երթևեկության կանոնները և անվտանգությունը պահելով զերծ մնանք պատահարներից և տուգանքներից», - նշել է նա։

Ոստիկանությունից պարզաբանել էին ԼՂ-ից բռնի տեղահանված 2 անձի 100,000–ական դրամով տուգանելու պատճառը՝ նրանք տրանսպորտային միջոցները վարել են առանց ԱՊՊԱ պայմանագրի։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---