Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհի $214․6 մլն–ի ներդրումային ծրագրի պայմանագիրը

Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհի $214․6 մլն–ի ներդրումային ծրագրի պայմանագիրը

PanARMENIAN.Net - Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհի 214․6 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի պայմանագիրը։

«Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել է, որ Հյուսիս–հարավ ճանապարհը հասնում է հարավ։

«Այսօր բոլորս միասին սկիզբ կդնենք «Հյուսիս–հարավ» ճանապարհի հարավային հատվածի շինարարության մեկնարկին։ Եվ ինչպես երբեմն մեր խոսակցության մեջ նշում ենք` բարդ բավական ճանապարհ, փուլեր անցնելուց հետո վերջապես «Հյուսիս–հարավ» ճանապարհը հասնում է նաև հարավ»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության միջև կնքվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4 շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման պայմանագիր։ ։

«Այս ծրագրի մեկնարկը ոչ միայն լավ առիթ է ֆիքսելու մեր միջև համագործակցության բարձր մակարդակը, այլ նաև կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ ճանապարհաշինության, դպրոցաշինության, ջրամբարաշինության և ընդհանրապես ենթակառուցվածքային տարբեր ծրագրերում մեր համագործակցության ավելի խորացմանը` իրանական ընկերությունների ներգրավման առումով»,–հավելել է նախարարը։

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն:

Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---