ԱՆ․ Կարմրուկից երեխա է մահացել՝ պատվաստված չէր

ԱՆ․ Կարմրուկից երեխա է մահացել՝ պատվաստված չէր

PanARMENIAN.Net - Հայաստանում կարմրուկից երեխա է մահացել։ Ավելի վաղ առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխան հոսպիտալացվել է, ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ։ Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո արձանագրվել է մահ, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Փոքրիկը կարմրուկի դեմ պատվաստված չի եղել:

Հոկտեմբերի 25-ի դրությամբ` Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք:

Ներկայումս հոսպիտալացված է 4 հիվանդ։ Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Դեպքերից 328-ը երեխաներ են, 143-ը` մեծահասակ: Արձանագրված կարմրուկի դեպքերի 93%-ը կարմրուկի դեմ չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են:

Նշվում է, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով:

Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է: Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը:

Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում: Mոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---