Անդրեասյան․ Բռնի տեղահանումից հետո 5000-ից ավելի հուշարձան, 20-ից ավելի թանգարան է մնացել Արցախի տարածքում

Անդրեասյան․ Բռնի տեղահանումից հետո 5000-ից ավելի հուշարձան, 20-ից ավելի թանգարան է  մնացել Արցախի տարածքում

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտը կարևորագույն խնդիրներից է, հատկապես նկատի ունենալով Արցախի մշակութային ժառանգության վտանգվածությունը, որն այսօրվա քննարկման կարևոր թեմաներից է։ Նրա խոսքով, այս օրերի ամենակարևոր խնդիրներից է վստահ լինել, որ մշակութային ժառանգության պաշտպանվածության ամենատարրական խնդիրները ԼՂ-ում ապահովված են։

«Ցավոք, մենք չունենք այդ վստահությունը, քանի որ 2020 թվականից ի վեր չի հաջողվում ուղարկել միջազգային առաքելություն, որը կկարողանա փաստագրել մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը ԼՂ-ում և այս խնդիրն էլ ավելի է սրվել բռնի տեղահանումից հետո. ավելի մեծ թվով՝ 5000-ից ավելի հուշարձան, 20-ից ավելի թանգարան մնացել է Լեռնային Ղարաբաղի տարածքում և այս արժեքների պաշտպանությունը մեր ամենակարևոր խնդիրներից է»,- ասել է ԿԳՄՍ նախարարը, հայտնում է Panorama.am-ը։

Անդրեասյանը հավելել է, որ պետք է փորձել գտնել միջազգային այն գործուն մեխանիզմները, որոնք կօգնեն թե բարձրացնել իրազեկվածությունը, թե կօգնեն դրանով իսկ բարձրացնել պաշտպանվածությունը:

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցության շրջանակը շատ լայն է, ընդգրկում է թե ժամանակակից արվեստը, թե մշակութային ժառանգության պահպանման ոլորտները և այս բոլոր ուղղություններով մի շարք կարևոր նախաձեռնություններ ունենք»,- ասել է նա։

Նա նշել է, որ կարևոր է ոչ միայն նյութական ժառանգությունը, այլևոչ նյութականը, քանի որ ԼՂ բռնի տեղահանման հետևանքով տեսնում են, որ վտանգված է ոչ նյութական մշակութային ժառանգությունը ևս։

Անդրեասյանը նաև հայտնել է, որ առաջիկայում Հայաստանի և Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնների միջև համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն, որով նոր հեռանկարներ կբացվեն, ինչպես նաև կան համատեղ ցուցադրությունների, համերգների բազմաթիվ ծրագրեր։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---