Միշել․ Բրյուսելը վճռական է շարունակելու իր միջնորդությունը ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում

Միշել․ Բրյուսելը վճռական է շարունակելու իր միջնորդությունը ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում

PanARMENIAN.Net - ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է շարունակել իր միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

«Մենք վճռական ենք տրամադրված շարունակելու գործել միջնորդի դերում՝ օգնելու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների նորմալացմանը՝ տարածքների ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքով»,- հայտարարել է Միշելը Եվրամիության երկօրյա գագաթնաժողովի ավարտին լրագրողների հետ զրույցում, հայտնում է «Ազատությունը»։

Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ անդամ երկրների առաջնորդների հավաքի ընթացքում այդ հարցով «կարծիքների ռազմավարական փոխանակում» է տեղի ունեցել։

Գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևում Եվրամիությունը կարևորել է Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովումը՝ ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները, ինչպես նաև իր աջակցությունը հայտնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին և կոչ արել կողմերին բարեխղճորեն ներգրավվել ու գործընթացն ավարտել մինչև տարեվերջ։

Ավելի վաղ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։ Որպես պատճառ նա նշել է ժամանակի սղությունը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման չեղարկմանը, ասել է, որ, հավանաբար, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակ չի գտել»։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---