Նախարար․ Սկսնակ գործարարների համար արտոնյալ վարկերի ծրագիր կգործարկվի

Նախարար․ Սկսնակ գործարարների համար արտոնյալ վարկերի ծրագիր կգործարկվի

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է սկսնակ գործարարների համար արտոնյալ վարկերի տրամադրման ծրագիր գործարկել։ Այդ մասին Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ծրագիրը դեռ հաստատված չէ կառավարությունում, բայց նախարարը հույս ունի, որ այն մոտ ապագայում կհաստատվի, գրում է Sputnik Արմենիան։

«Հաջորդ տարվա բյուջեից մենք կկարողանանք արտոնյալ վարկեր տրամադրել` արտոնյալ տոկոսներով ու գրավի նվազագույն պահանջներով», - ասել է Քերոբյանը։

Նա համոզված է, որ այսպիսով կստեղծվի միջավայր, որտեղ նորաստեղծ ընկերությունները կկարողանան ավելի հեշտությամբ օգտվել ֆինանսական միջոցներից: Դա կլուծի բիզնեսի համար ամենամեծ խնդիրը` ֆինասական ռեսուրսների հասանելիությունը։

Ընդհանուր առմամբ, փոքր և միջին բիզնեսի աջակցության բյուջեն կկազմի 20․43 մլրդ դրամ, որը 2023 թվականի համեմատ կրկնակի ավելի է, իսկ երկու տարվա ընթացքում այն հնգապատկվել է։

Նախարարը համոզված է, որ այսպիսով արտադրողականության աճ կապահովվի, որի արդյունքում տնտեսության տարբեր ճյուղեր կդառնան ավեի մրցունակ միջազգային շուկայում։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հոկտեմբերի 30–ին ԱԺ–ում, ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը, հայտարարել է, որ ԿԲ–ի 2024–ի տնտեսական կանխատեսումները տարբերվում են հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի հիմքում դրվածներից: Նա նշել է, որ ԿԲ–ն 2024–ի համար 5․6 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---