Քերոբյան․ Մեկ զբոսաշրջիկը ՀՀ-ում ծախսում է մոտ $1200

Քերոբյան․ Մեկ զբոսաշրջիկը ՀՀ-ում ծախսում է մոտ $1200

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտ 1200 դոլար։

«2023–ի առաջին ինն ամիսների դրությամբ Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ: Մենք Հայաստանի սահմանային կետերում իրականացնում ենք անընդհատ ուսումնասիրություն, և մեր հաշվարկներով ու նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում այժմ ծախսում է մոտ 1200 դոլար: Մեր տնտեսական վերլուծությունների կենտրոնի հաշվարկներով՝ մեկ զբոսաշրջիկից Հայաստանի բյուջե է մտնում 44 հազար դրամ: Այսինքն՝ մենք խոսում ենք այն մասին, որ ներգնա զբոսաշրջությունից Հայաստանի Հանրապետության բյուջե մտնում է մոտ 100 մլրդ դրամ», – նշել է Քերոբյանը, հայտնում է «Առավոտը»:

Նախարարն ասել է, որ 2024 թվականին սկսում են զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր, որի շրջանակներում պլանավորվում է իրականացնել կառավարության ծրագրում նշված զբոսաշրջային 20 կլաստերի զարգացման ծրագիրը։

2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախնական տվյալներով, Հայաստան է այցելել 1․67 մլն զբոսաշրջիկ։ 2022-ին ՀՀ ամենամեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից՝ մոտ 46%։ Առաջին հնգյակում են նաև Վրաստանը՝ 8%, Իրանը՝ 7%, ԱՄՆ-ն՝ 4%, և Գերմանիան՝ 2%։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---