ՀՀ-ում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 12.1%-ով

ՀՀ-ում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 12.1%-ով

PanARMENIAN.Net - 2023-ի 9 ամսում ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 12․1 տոկոսով կամ 3193 դեպքով: Այդ մասին ԱԺ-ում 2024-ին պետբյուջեի քննարկման ժամանակ ասել է ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

Նա նշել է, որ 2022-ի 9 ամսում այդ թիվը կազմել է 26,489, այս տարի՝ 29,682, ինչը գլխավորապես պայմանավորված է առավել լատենտային համարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, որի մասով 2294-ով ավելի դեպք է գրանցվել, հայտնում է 1lurer.am–ը։

«29,682 դեպքերի հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 81.2 տոկոսը: Ընդ որում՝ ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 926 միավոր հրազեն՝ նախորդ տարվա 647-ի դիմաց»,- ասել է Արա Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 346-ով, կաշառակերության մասով հայտնաբերված դեպքերի թիվը՝ 295-ով:

Աճի վրա ազդել են նաև ՀՀ-ում Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերի փոփոխությունները, համաձայն որոնց՝ հանկարծամահության դեպքերով ևս պետք է նախաձեռնվեն վարույթներ՝ սպանության հատկանիշներով: Աճն այս մասով 570 է:

Ըստ Ֆիդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման թվի զգալի աճը կապված է այդ աշխատանքներում առավել համակարգված և լայնամասշտաբ միջոցառումներով, քանի որ ընթացիկ տարին հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի:

Ավելի վաղ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը հայտնել էր, որ միջազգային կառույցների գնահատականով՝ Հայաստանն իրավակարգի, քրեածին իրավիճակի առումով աշխարհում 9-րդ տեղն է զբաղեցնում, այսինքն՝ լավագույնների մեջ 9-րդ տեղը։

«Իհարկե, այստեղ միայն Ոստիկանությունն ու Պարեկային ոստիկանությունը դեր չունեն, շատ կարևոր է նաև մեր ժողովրդի ընդհանուր վերաբերմունքը, ապրելակերպը, արժեքային համակարգը, որը նույնպես շատ էական ազդեցություն է ունենում: Բայց կարծում եմ, որ Ոստիկանության բարեփոխումները և, ընդհանրապես, դատաիրավական համակարգի այն բարեփոխումները, որ իրականացնում ենք, շատ ուղիղ և էական ազդեցություն են թողնում այս գործընթացի վրա»,–ասել է նա։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---