ԿԲ–ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 կետով՝ սահմանելով 9.5 %

ԿԲ–ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 կետով՝ սահմանելով 9.5 %

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5 %։

Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 11 %, Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8 %:

«Վերջին ամիսներին ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դիտվում է ներքին պահանջարկի որոշակի արագացում: Միաժամանակ, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ համաշխարհային տնտեսական աճի հետ կապված անորոշություններն ու միջազգային ապրանքահումքային շուկաներում տատանողականությունն ավելացել են: Գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը դեռևս պահպանվում է նպատակային ցուցանիշից բարձր մակարդակում: Այս պայմաններում, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա թույլ գնանկումային ազդեցությունները կպահպանվեն:

Վերջին ամիսներին ՀՀ–ում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակում են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճերը: Դրան զուգահեռ տնտեսությունում շարունակում է ընդլայնվել ներքին պահանջարկը: Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների և իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայր, ինչն արտահայտվում է նաև աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի դանդաղմամբ»,–ասվում է ԿԲ խորհրդի հիմնավորման մեջ։ :

Նշվում է, որ դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---