Սանոսյան․ Ատոմակայանի գործունեության ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվական

Սանոսյան․ Ատոմակայանի գործունեության ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվական

PanARMENIAN.Net - Հայաստանի Ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարի, այդ նպատակի համար 2024-ին կհատկացվի 20.2 մլրդ դրամ։ Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով` ատոմակայանի հետ կապված կա երկու գործընթաց, հայտնում է Aysor.am-ը։

«Ունենք ատոմակայանում շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիր: Այդ ծրագիրը սկսվել և մի քանի տարի է արդեն, որ շարունակվում է: Այդ ծրագրի շրջանակներում հաջորդ տարի նախատեսված է 7 մլրդ դրամ՝ մի շարք աշխատանքներ շարունակելու և ավարտելու համար:

Հաջորդ տարի նախատեսում ենք սկսել կրկնակի երկարացման ծրագիրը, որի նպատակն է մեր ատոմակայանի աշխատանքի ժամկետը համապատասխան լիցենզիաներով երկարացնել մինչև 2036 թվականը», - ասել է Սանոսյանը՝ նշելով, որ այդ նպատակի համար նախատեսվել է 20.2 մլրդ դրամ:

ՀԱԷԿ-ն արտադրում է Հայաստանում օգտագործվող էլեկտրականության մոտ մեկ երրորդը։ Ընթացքի մեջ է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագիծը. աշխատանքներն իրականացվելու են 2023-2026թթ., մշակվել և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ համաձայնեցվել է ՇԺԵ-2 հայեցակարգը։ Ակնկալվում է, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---