Քննչական կոմիտեն ինտենսիվ զբաղվում է գերեվարված արցախցիների հարցով

Քննչական կոմիտեն ինտենսիվ զբաղվում է գերեվարված արցախցիների հարցով

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն ինտենսիվ զբաղվում է գերեվարված արցախցիների հարցով: Այդ մասին հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն՝ առանց փակագծեր բացելու։

«Կան նաև ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր գերեվարված են, և հաստատված է այդ անձանց գերությունը: Մենք շատ ինենիվ զբաղվում ենք և՛ բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ մնացած մարդկանց գերեվարման և խոշտանգման, ցանկացած հարցով, որը վերաբերում է մարդկության դեմ ուղղված հանցակազմին», - հայտարարել է Քյարամյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Թե ինչ վիճակում են Բաքվի բանտերում գտնվող շուրջ երկու տասնյակ անձինք, նրանց ինչ ճակատագիր է սպասում, հստակ չէ:

Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդմամբ` Ադրբեջանից կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարվել է 16 անձ, որոնցից 6-ը զինծառայողներ են, 10-ը՝ քաղաքացիական անձինք։ Ընդ որում, Ադրբեջանը 16-ից միայն 9-ի գերեվարման փաստն է հաստատել։

Գերեվարված 16 անձանց շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Գերեվարված մյուս 8 արցախցիների անունները չեն հրապարակվում։

16 գերիներից բացի, Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդել է նաև Արցախից անհետ կորած ևս 12 քաղաքացիական անձի և 30 զինծառայողի մասին: Արդյոք չորս տասնյակից ավելի այս անձինք գերեվարված են, ողջ են, թե՝ ոչ, պարզ չէ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---