Ախուրյանում «Տիրի» հրացանի կրակոցից վիրավորված 11-ամյա աղջկա վիճակը կայուն ծանր է

Ախուրյանում «Տիրի» հրացանի կրակոցից վիրավորված 11-ամյա աղջկա վիճակը կայուն ծանր է

PanARMENIAN.Net - «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 11-ամյա աղջիկ երեխա, որը տուժել է 13-ամյա տղայի կողմից «ՏԻՐ» տեսակի հրացանից կրակելու հետևանքով։ Երեխան բուժկենտրոն է տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից, որտեղ հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է աջ թոքի հատվածում օտար մարմին, հայտնում ՝ հիվանդանոցի մամուլի ծառայությունը։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում արված համակարգչային շերտագրության արդյունքում պարզվել է, որ նա ունի աջ թոքի սալջարդի աջից երրորդ կողի կոտրվածքի ողի տարածությունում օտար մարմին՝ փամփուշտ, ինչպես նաև՝ կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ:

Աջ պլևրալ խոռոչի դրենավորումից հետո խորհուրդ է տրվել մնալ հսկողության տակ։ Վիրահատական միջամտության կարիք այս պահին չկա։

Վիճակն այս պահին գնահատվում է ծանր, բայց կայուն»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 31-ին Ախուրյանում 13-ամյա անչափահաս տղան կրակել է ՏԻՐ–ի հրացանով, ինչի հետևանքով մետաղյա փամփուշտը դիպել է համագյուղացի 11-ամյա աղջկան: Երեխան տեղափոխվել է Ավստրիական մանկական հիվանդանոց, այնտեղից սանավիացիայով` Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, հայտնում է Sputnik Արմենիան։

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը որոշ մանրամասներ էր հայտնել։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել խաղահրապարակում:

«Տղա երեխան ծնողներից թաքուն ՏԻՐ–ի հրացանը վերցրել, տանից դուրս է եկել: Խաղահրապարակում ուզել է կրակել ու կպել է խաղընկերուհուն: Երեխաները մշտապես այդ խաղահրապարակում են խաղում, նաև նույն դպրոցում են սովորում»,-նշել էր նա։

Մանուկյանը վստահեցրել էր, որ դեպքի պատճառով համայնքում երկու ընտանիքների միջև վիճաբանություն չի առաջացել։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---