1 մայիսի 2009 - 15:58 AMT
Մի շարք բանկեր եւ վարկային կազմակերպություններ «Հազարամյակի մարտահրավերներ - Հայաստան» Հիմնադրամից կստանան $8,5 մլն
«Հազարամյակի մարտահրավերներ - Հայաստանը» գյուղաբնակ շահառուներին վարկ տրամադրելու մասին պայմանագրեր կնքեց բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ, հաղորդում է հիմնադրամի մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, 7 տարի ժամկետայնությամբ տարեկան մինչեւ 12% տարեկան տոկոսադրույքով $8,5 մլն է տրամադրվելու Ամերիաբանկին, Արդշինինվեստբանկին, Կոնվերս բանկին, Հայբիզնեսբանկին, ինչպես նաեւ` «Անիվ», «Ֆարմ Կրեդիտ Արմենիա», «Նոր Հորիզոն», «Քարդ ագրո կրեդիտ», «ՍԵՖ ինթերնեյշնլ», «ՋիԷֆՍի» Ունիվերսալ վարկային կազմակերպություններին: Այս 10 ֆինանսական կազմակերպությունները պետք է իրականացնեն ՀՄՀ-Հայաստան ծրագրի վարկային բաղադրիչը եւ վարկեր տրամադրեն գյուղաբնակ շահառուներին` գյուղատնտեսական արտադրությունը ընդլայնելու եւ արդյունավետ տեխնոլոգիաներ կիրառելու նպատակով:
Պայմանագիրը ստորագրեցին ՀՄՀ-Հայաստան ծրագրի Գլխավոր գործադիր տնօրենը եւ վերը թվարկված ֆինանսական կազմակերպությունների տնօրենները:
Վարկային բաղադրիչը ՀՄՀ-Հայաստան ծրագրի «Ջրից դեպի շուկա» գործողության մասն է, որի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվում է տեխնիկական օժանդակություն գիտելիքների եւ նոր տեխնոլոգիաների փոխանցման միջոցով, ինչպես նաեւ` ծրագրի շահառուներին վարկային միջոցների տրամադրմամբ եւ վարկային բաղադրիչի իրականացման համար ընտրված ֆինանսական հաստատություններին տեխնիկական աջակցության ցուցաբերման միջոցով:
Վարկերը տրամադրվում են միայն Երեւանից դուրս բնակվող շահառուներին` գյուղատնտեսական արտադրության ամրապնդման, սարքավորումների արդիականացման, պտղատու ծառերի եւ խաղողի այգիների ընդլայնման, տնկիների ձեռքբերման, փոքր հողատերերին, գյուղատնտեսական եւ վերամշակող արդյունաբերության ապրանքների մարքեթինգին օժանդակելու նպատակով սարքավորումների ձեռքբերման, հավաքագրման կենտրոնների, գյուղատնտեսական վերամշակման ձեռնարկությունների հիմնման եւ ընդլայնման նպատակներով:
Վարկառուները պետք է լինեն ոռոգման համակարգում ներդրումներից օգտվող այն ֆերմերները, որոնք մասնակցել են Ջրից դեպի շուկա բաղադրիչի դասընթացներին, ընդգրկվել են Ջրից դեպի շուկա բաղադրիչի ցուցադրական տնտեսության գործնական դասընթացում եւ պատրաստվում են կիրառել ծրագրի օգնությամբ ստացված գիտելիքները:
Առաջին հատկացումը` 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, արդեն իսկ բաշխվել է գյուղաբնակ ֆերմերներին մինչեւ 2008թ-ի սեպտեմբերի 30-ը: Նախատեսվում է մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերը հատկացնել եւս 5.5 մլն դոլարի վարկ, եւ եւս 1.5 մլն` 2010 թվականին:
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստանը (ՀՄՀ-Հայաստան) պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից եւ պատասխանատու է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ու ՀՀ կառավարության միջեւ կնքված Համաձայնագրի թափանցիկ իրականացումը վերահսկելու համար: