Գրիգորյանն ու Կլաարը կքննարկեն Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում անցկացնելու հարցը

Գրիգորյանն ու Կլաարը կքննարկեն Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում անցկացնելու հարցը

PanARMENIAN.Net - Բրյուսելում գտնվող Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կքննարկի եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գրիգորյանը, փոխանցում է «Ազատությունը»։

Հոկտեմբերի վերջին հենց Կլաարն էր տեղեկացրել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի չի ունենա ժամանակի սղության պատճառով։

Անվտանգության խորհրդի քարտուղարը վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է եռակողմ ձևաչափով հանդիպմանը Բրյուսելում։

«Դա նախկինում էլ ենք ասել, հիմա էլ ենք ասում՝ Հայաստանը պատրաստ է։ Երբ հնարավոր լինի, այսինքն՝ երեք կողմը պետք է համաձայն լինեն։ Առնվազն Հայաստանը միանշանակ համաձայն է: Երբ որ համաձայնություն լինի, այդ հանդիպումը տեղի կունենա»,- շեշտել է Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է ռուսական կողմից պարբերաբար հնչող հրավերներին, թե իրենք պատրաստ են բանակցությունների համար Մոսկվայում կողմերին հարթակ տրամադրել, Գրիգորյանն արձագանքել է, թե նման հրավերներից տեղյակ չէ։

Հոկտեմբերի վերջին Բրյուսելում պետք է տեղի ունենար Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում, սակայն այն չկայացավ, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցությունից։ Ավելի վաղ Ալիևը չէր մասնակցել նաև Գրանադայի հանդիպմանը

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով Փաշինյանը հերթական անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քկմ տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել համաժողովին։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---