Հնարավոր է՝ Միշել-Փաշինյան-Ալիև բանակցությունները կայանան դեկտեմբերին

Հնարավոր է՝ Միշել-Փաշինյան-Ալիև բանակցությունները կայանան դեկտեմբերին

PanARMENIAN.Net - Բրյուսելն այժմ Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։ Այդ մասին ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան, տեղեկացնում է «Ազատությանը»։

Նա հավելել է, որ առայժմ կոնկրետ արդյունքներ չկան, բայց հնարավոր է բանակցությունները տեղի ունենան դեկտեմբերին։

Բրյուսելյան աղբյուրը միաժամանակ որոշ փակագծեր է բացել այդ բանակցություններից՝ մանրամասնելով, որ օրակարգում է նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու հարցը։ Ընդ որում, եվրոպացի դիվանագետը նշել է, թե իրենց հետ հանդիպումներում Ադրբեջանի նախագահը վստահեցնում է՝ որևէ նկրտում չունի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։

«Նա հավաստիացնում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն և լուծեն մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի և Ադրբեջանից Հայաստանի հարավային հատվածներ հասնելու վերաբերյալ», - ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը։

«Բոլոր այդ հարցերը պետք է քննարկվեն, և հենց դրա շուրջ է նախագահ Շառլ Միշելի և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությունը»,–ասել է նա։

Թեև Ադրբեջանի նախագահն անցած ամիս երկու անգամ մերժել է Եվրամիության միջնորդությամբ Հայաստանի հետ հանդիպելու առաջարկները, Բրյուսելում իրավիճակը փակուղային չեն համարում։ Ավելին՝ պնդում են, թե փակ դռների ետևում Ադրբեջանի նախագահը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այն էլ՝ մի քանի անգամ։

«Բանակցությունների սեղանի շուրջ մենք լսել ենք Հայաստանի վարչապետի հստակ հայտարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ՝ մի բան, որ շատ առանցքային էր, քանի որ հնչում էր առաջին անգամ 30 տարում։ Մենք ճշգրիտ կերպով նույն հայտարարությունը լսել ենք նաև նախագահ Ալիևից՝ բազմաթիվ անգամներ», - ասել է եվրոպացի դիվանագետը։

Հրապարակային հայտարարություններում, սակայն, Ադրբեջանի նախագահն այս մասին չի խոսել, ինչը նաև Հայաստանի իշխանություններն են մի քանի անգամ արձանագրել:

Մյուս կողմից, ըստ եվրոպացի պաշտոնյաների, Ալիևը դռնփակ հանդիպումներում նաև խոստացել էր, որ ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով չի լուծի, և խոստումը տալուց մի քանի օր անց հարձակվել Արցախի վրա։

Այդուամենայնիվ, չնայած այս զարգացումներին, Բրյուսելում վստահ են, որ կկարողանան կողմերին նստեցնել մեկ սեղանի շուրջ և հաշտության հասնել։

«Մենք այժմ փորձում ենք լուծել սեղանին առկա հարցերը, որոնք հակամարտություն բորբոքելու ներուժ ունեն, և զուգահեռ օգնել Հայաստանի պաշտպանության ու դիմակայության ամրապնդմանը», - ասել է եվրոպացի դիվանագետը։

Ըստ տարբեր աղբյուրների․ Բրյուսելն այժմ աշխատում է Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին տեղակայված դիտորդական առաքելությունն ընդարձակելու վրա, և շատ մոտ ապագայում այդ առաջարկը կներկայացնի Հայաստանի իշխանություններին։

Հոկտեմբերի վերջին Բրյուսելում պետք է տեղի ունենար Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում, սակայն այն չկայացավ, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցությունից։ Ավելի վաղ Ալիևը չէր մասնակցել նաև Գրանադայի հանդիպմանը

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---