ԱՀ պետնախարար․ ՀՀ քաղաքացիություն ստանալով՝ արցախցիները չեն զրկվի աջակցության ծրագրերից

ԱՀ պետնախարար․ ՀՀ քաղաքացիություն ստանալով՝ արցախցիները չեն զրկվի աջակցության ծրագրերից

PanARMENIAN.Net - ԱՀ պետնախարար Արթուր Հարությունյանն Արցախի հանրային հեռոստաընկերության հետ հարցազրույցում ասել է, որ ժամանակավոր պաշտպանության կամ փախստականի կարգավիճակից ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում արցախցիները, ըստ նախնական քննարկումների, չեն զրկվելու աջակցության ծրագրերից։

«Ժամանակավոր պաշտպանության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակը տարբեր իրավունքներ և պարտականություններ են սահմանում։ Քաղաքացի դառնալու դեպքում բոլոր իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ զինվորական ծառայություն անցնելու, գործելու են նաև մեր հայրենակիցների համար։ Իսկ փախստականի կարգավիճակի մասով դեռ կան հարցեր, որոնք պետք է լուծումներ ստանան և այդ մասով պարզաբանումներ են ներկայացվելու մեր հայրենակիցներին, որ իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները։

Օրեր առաջ ՀՀ Սոցապ նախարարությունը պարզաբանում ներկայացրեց նպաստների և թոշակների մասով, որ պարտադիր չէ ՀՀ քաղաքացիություն ստանալ թոշակառու կամ նպաստառու համարվելու համար։ Անհրաժեշտ է միայն ունենալ հաշվառում Հայաստանում և ՀՀ սահմանված կարգով ստանալ վճարները»,- ասել է նա, հայտնում է Արցախպրեսը։

Պետնախարարը նշել է, որ նախնական քննարկումների համաձայն՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակառու կամ նպաստառու հանդիսացող քաղաքացները կենսաթոշակը Հայաստանում ստանալու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի։ Մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ վճարներն արվելու են Արցախի բյուջեից։

«Դեռ քննարկումներ են ընթանում՝ հոկտեմբերի հաշվարկն ընթանալու է, թե ոչ, բայց սկսված նոյեմբերի 1-ից թոշակառուն հաշվառվելուն պես համարվելու է ՀՀ թոշակառու։ Իսկ նրանք, ում թոշակ նշանակված չէր, պետք է դիմեն իրենց բնակավայրի միասնական սոցիալական ծառայություններ և գործընթացը կիրականացվի նույն կերպ, ինչպես նախկինում Արցախում էր իրականացվում։ Գործընթացներ ենք իրականացնում նաև, որ կենսաթոշակ նշանակելիս հաշվի առնվի նաև կուտակված աշխատանքային ստաժը»,- նշել է պետնախարարը։

Հարությունյանը հավելել է, որ կուտակային կենսաթոշակների առումով քննարկումներ են իրականացվում կուտակված գումարները շահառուներին վերադարձնելու շուրջ և նոր աշխատանքի անցնելու դեպքում նորից սկսվի դրա կուտակումը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---