Փաշինյանը Փարիզում խոսել է Ադրբեջանից մոտ 500,000 հայ փախստականի մասին

Փաշինյանը Փարիզում խոսել է Ադրբեջանից մոտ 500,000 հայ փախստականի մասին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» շրջանակում «Համագործակցությունը մրցակցության պայմաններում, խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» թեմայով պանելային քննարկման ժամանակ խոսել է Ադրբեջանից 500,000 հայ փախստականի մասին։

«Ֆորումի փաստաթղթերի հիմնական արձանագրություններից մեկն այն է, որ աշխարհում 2 միլիարդ մարդ ապրում է հակամարտություններից տուժած շրջաններում: Հայաստանի Հանրապետության տեսանկյունից, ավելի ճշգրիտ կլինի այդ նախադասությունը ձևակերպել հետևյալ կերպ՝ էթնիկ զտումների հետևանքով 500 հազարից ավելի հայեր այլևս հնարավորություն չունեն ապրելու իրենց հայրենիքում։

500,000–ն Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվն է։ Նրանցից մոտ 360,000-ը բռնի տեղահանվել են Ադրբեջանից 90-ականների սկզբից՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի և հայատյացության հետևանքով։ Այդ ժամանակից ի վեր հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքականություն է։

Իսկ մինչ այդ, Խորհրդային Միության օրոք, վարչական և հոգեբանական ճնշումների պատճառով հայերը ստիպված էին լքել Նախիջևանը և Ադրբեջանի շատ այլ տարածքներ։

2020 թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում մոտ 26,000 հայ լքել է Լեռնային Ղարաբաղը: Իսկ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում մոտ 105,000 հայեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը:

Մենք երկար ժամանակ ահազանգել ենք միջազգային հանրությանը, որ նման հեռանկարը գնալով ավելի ու ավելի իրատեսական է դառնում՝ հատկապես 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումից հետո։

Բայց միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, և մենք չենք կարող մեղադրել այն մարդկանց, ովքեր պնդում են, որ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից տեղի է ունեցել որոշ միջազգային խաղացողների լուռ կամ կուլիսային համաձայնությամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---