Ադրբեջանի ԱԳՆ–ն «անհիմն է» անվանել և «դատապարտել է» Փաշինյանի հայտարարությունները Փարիզում

Ադրբեջանի ԱԳՆ–ն «անհիմն է» անվանել և «դատապարտել է» Փաշինյանի հայտարարությունները Փարիզում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» շրջանակում պանելային քննարկման ժամանակ՝ «անհիմն» անվանելով և «դատապարտելով» նրա հայտարարությունները։

Փաշինյանը Փարիզում խոսել է Ադրբեջանից 500,000 հայ փախստականի, Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման և էթնիկ զտումների, միջազգային հանրության անհամարժեք արձագանքի մասին։

Ադրբեջանի ԱԳՆ–ն պահանջել է «դադարեցնել Բաքվի հանդեպ զրպարտության քաղաքականությունը, որը կարող է վնասել խաղաղ գործընթացին», գրում է Interfax.az-ը։

«Մենք վճռականորեն դատապարտում և հերքում ենք ՀՀ վարչապետի պնդումներն այն մասին, թե Ղարաբաղի հայ բնակիչները էթնիկ զտման են ենթարկվել։

Մենք հուսով ենք, որ Հայաստանը համարժեք կարձագանքի հարաբերությունների կարգավորման և մոտ ապագայում խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի կոչերին»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---