Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Ադրբեջանի կիրառված պատիժը

Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Ադրբեջանի կիրառված պատիժը

PanARMENIAN.Net - Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խստորեն դատապարտել է 2023 թվականի նոյեմբերի 7-ին Ադրբեջանի կողմից արցախաբնակ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը։

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում միջազգային հանրությանը համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգին անհապաղ ազատ արձակել իր իրավասության տակ գտնվող բոլոր հայերին և ձեռնպահ մնալ Բաքվին որևէ օգնություն տրամադրելուց, որը կարող է սրել Արցախում ցեղասպանության զոհերի տառապանքը կամ խրախուսել Ադրբեջանին կատարել որևէ անօրինական ագրեսիայի ակտ, հայտնում է Panorama.am-ը։

«Օրենքը հաճախ ծառայում է իշխանության ղեկին գտնվողներին լեգիտիմացնելուն, հատկապես բռնատիրական այնպիսի ռեժիմներին, ինչպիսին է ղեկավարում է Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիևը։

Հաշվի առնելով պարոն Խաչատրյանի տարիքը և առկա սրտային հիվանդությունը, որի պատճառով 2023 թվականի հուլիսի 29-ին նա շտապ տարհանվել է Արցախից, նրա 15 տարվա ազատազրկումը նշանակում է մահապատիժ՝ թաքնված արտաքին անմեղ շղարշով, որի հետևում ռեժիմի ակնհայտ ռեպրեսիվ և ցեղասպանական քաղաքականությունն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Լեմկինի ինստիտուտը ևս մեկ անգամ հիշեցնում է Արցախի ութ բարձրաստիճան պաշտոնյաների՝ շարունակվող անօրինական բանտարկությունը, ինչպես նաև Բաքվի կողմից տասնյակ, հնարավոր է, հարյուրավոր հայ խաղաղ բնակիչների և ռազմագերիների կալանավորման փաստերը, որոնք շուտով կարող են նույն ճակատագիրը ունենալ, ինչ պարոն Խաչատրյանը, եթե ոչ ավելի վատ:

«Կրկին ու կրկին Ադրբեջանը ցույց է տվել, որ մերժում է օրենքների վրա հիմնված միջազգային կարգը, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքով և մարդու իրավունքների մասով ստանձնած պարտավորությունները»,-ասվում է հայտարարության մեջ:

68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։ Նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---