Լևոն Քոչարյան. Գուցե շատերի համար իրատեսական չէ, բայց Արցախի էջը փակված չէ

Լևոն Քոչարյան. Գուցե շատերի համար իրատեսական չէ, բայց Արցախի էջը փակված չէ

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր համար Արցախի էջը փակված չէ։

«Ես հասկանում եմ, որ միգուցե շատերի համար դժվար է կամ իրատեսական չէ, բայց պետք է այդպես չմտածենք, պետք է էջը փակված չհամարենք և պետք է վերադառնալու ինչ-որ պատուհան ունենանք ու բացենք։ Դրա համար շատ կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը պահելը, խոսքը իշխանության մասին է։ Ու նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների պահանջը պետք է իրենց միջոցով հստակ ձևակերպվի»,- ասել է Քոչարյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ Արցախի կորստի համար մեղավոր է Հայաստանի իշխանությունը։

«Այս ամենը եղավ պատերազմից հետո սխալ որոշումների հետևանքով։ Իմ համոզմամբ` միանշանակ Հայաստանի իշխանությունն է առաջին ու հիմնական պատասխանատուն», - ընդգծել է Քոչարյանը։

Նա ընդգծել է նաև, որ ընդհանուր առաջնահերթությունն իշխանափոխությունն է, մնացած հարցերը հետագայում, գրում է Panorama.am-ը։

«Օրակարգում ոչինչ չի փոխվել։ Եթե մենք մտածում ենք, դիրքորոշում, համոզմունք ենք արտահայտում, որ այս իշխանությունն է մեղավոր մեր երկրի այս վիճակի համար, այս խայտառակությանը հասել ենք իշխանության մեղավորությամբ, հետևաբար բոլոր նպատակները պետք է ուղղված լինեն իշխանության հեռացմանը։ Մոտեցումները, թե դա ինչպես իրականացնել... Տարբեր փողոցային գործողություններ են եղել, եղել է ընտրությունների մասնակցության։ Կարծում եմ, հետագայում էլ ինչ-որ բաներ կլինեն, հիմա հստակ չեմ կարող ասել, ինքս էլ տեղյակ չեմ»,–ասել է նա։

Քոչարյանը պատասխանել է նաև այն դիտարկմանը, որ տևական ժամանակ է մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՔՊ-ում «ատամները սրած իրեն են սպասում հիշեցնելու՝ նախկին, ներկա», խոսակցություններ կան, որ առաջիկայում պատրաստվում են անձեռնմխելիությունից զրկելու հարց քննարկել։

«Այդ ամենը ենթադրություններ են, մի քանի հրապարակում եղել է։ Գիտեք, եթե մարդիկ իրենց հիմնական գործը ձախողում են՝ երկրի անվտանգությունը, մնում է կախվել նախկիններից, մնացածից, փորձել շոուներ անել։ Միգուցե փորձեն սադրել, որպեսզի ինձ հունից հանեն, ինչ-որ ֆիզիկական հարված հասցնեմ, որ հերթով գնան, ոստիկանություն բողոքներ գրեն։ Քանի տարի է նման փորձեր կան տարբեր տեղեր՝ դատարանների դիմաց, հանրահավաքների ժամանակ։ Պետք է սառնասիրտ լինել, իսկ եթե ուզում են ձեռնամարտի բռնվել, դրա համար ավելի հարմար ու հետաքրքիր տեղեր կան»,–ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
---