Ապակե կոնստրուկցիաներ, դռներ ու պատուհաններ․ PROFAL-ը «Ծաղկաձոր պարկի» մատակարարն է

Ապակե կոնստրուկցիաներ, դռներ ու պատուհաններ․ PROFAL-ը «Ծաղկաձոր պարկի» մատակարարն է

PanARMENIAN.Net - Ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրող PROFAL ընկերությունն ու «Մետրում ինվեսթ» կառուցապատող ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ի դեմս PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի և «Մետրում ինվեսթի»-ի գործադիր տնօրեն Արման Մելքոնյանի։ PROFAL-ը ստանձնել է «Մետրում ինվեսթի» կողմից Ծաղկաձոր քաղաքում կառուցվող «Ծաղկաձոր պարկ» պրեմիում դասի բնակելի և հյուրանոցային համալիրի ֆասադային և ինտերիերն ամբողջացնող բարձրորակ դռների ու պատուհանների տեղադրման աշխատանքները։ Չորս մասնաշենքերից բաղկացած համալիրը PROFAL ընկերության նորարարական նախագծերից է, որում կիրառվելու են ոչ ստանդարտ ֆասադային լուծումներ։

«Ուրախ ենք մեր մասնակցությունն ունենալ մայրաքաղաք Երևանից դուրս մասշտաբային նախագծերի իրականացմանը, որում ոչ միայն մեր բազմամյա փորձն ու գիտելիքն ենք ներդնում, այլև եվրոպական բարձրակարգ հումքից պատրաստված որակյալ արտադրանքը։ «Ծաղկաձոր պարկ» նախագիծը յուրահատուկ է նրանով, որ առաջին անգամ Հայաստանում շենքերի ավանդական երեսպատման փոխարեն նոր լուծում ենք կիրառելու, որը հնարավոր է դարձել մեր ինժեներական թիմի և գործընկեր օտարերկրյա մատակարարների հետ անմիջական աշխատանքի շնորհիվ»,-ասել է Էդգար Ավետիսյանը։

Համալիրի շենքերի ճակատների երեսպատման նորարարական մոտեցման արդյունքում ապակեպատ հարթությունից որոշակի հեռավորության վրա տեղադրվելու է ալյումինե ուղղանկյուն հատվածի 200*300 մմ խողովակներով ցանց, որը հարստացնելու է շենքի ճարտարապետական տեսքը։

Հատկապես կարևոր են վիտրաժային պատուհանների ձայնամեկուսացման և ջերմամեկուսացման բարձր որակական առանձնահատկությունները: Տեղադրվելու է էներգախնայող ու թրծված ապակեփաթեթ, որի մեջ լցված է արգոն գազ: Այն ավելի էներգախնայող, արևապաշտպան և ցրտադիմացկուն է դարձնում կառույցը:

«Մենք երկար քննարկումներ ենք ունեցել բոլոր շինարարական նախագծերի շուրջ, փորձել ենք հասնել առավելագույն որակական բարձր չափանիշների: Մեր կառույցներն, իրապես, առանձնանում են իրենց ճարտարապետական լուծումներով, արտաքին տեսքով ու պանորամային տեսարաններով: «Ծաղկաձոր պարկի» դեպքում որոշեցինք ավելի առաջ գնալ և նախագծում ներդրեցինք որակյալ ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ վիտրաժային պատուհանների ձևաչափեր՝ առավելագույնս խուսափելով արտաքին երեսպատման աշխատանքներից: Այդ հարցում մեզ օգնեց PROFAL ընկերությունը՝ առաջարկելով իր տեխնոլոգիական աննախադեպ լուծումները»,-նշել է «Մետրում Ինվեսթի» տնօրեն Արման Մելքոնյանը:

«Ծաղկաձոր պարկը» 10,000 քմ կառուցված շինարարական համալիր է, որի 7000 քմ-ն կանաչապատ տարածք է: Համալիրը ընդգրկում է պրեմիում դասի ապարտ-հոթելների համար նախատեսված բոլոր ոլորտները՝ մասնավորապես դահուկների պահպանման համար առանձնացված տարածքներ, էլեկտրամոբիլների լիցքավորման կայան, Cоworking տարածք, կոնֆերանս դահլիճներ, սրճարաններ (այդ թվում, սրճարան՝ տանիքում), ռեստորաններ, սպա կենտրոն, լողավազան, ընդարձակ մարզասրահ, մանկական սենյակներ, սենյակների մաքրման մասնագիտացված ծառայություն, լվացքատուն, ջերմամեկուսացում, ձայնամեկուսացում, եվրոպական արտադրության վերելակներ, բարձր դասի կահույք և տեխնիկա, անվտանգության կետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---