Ավինյան․ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել

Ավինյան․ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր նպատակն այսօր կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների սեփականության իրավունքի գրանցումն ու կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ կառուցապատողի, օտարողի հետ, սեփականության իրավունքների խախտման վերաբերյալ հնարավոր խնդիրների բացառումն է:

Գույքային միավորների օրինականացման համար արդեն իսկ ունենք քաղաքապետարան մուտքագրված 167 դիմում:

Կոնդեցիների հետ քննարկեցինք ծրագրի ու թաղամասի վերակառուցման հայեցակարգի հետ կապված հարցեր:

Երկար սպասված այս նախագծի հիմքում դրված է մեկ նպատակ՝ պահպանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի՝ Կոնդի վերակառուցման ժամանակին մշակած նախագիծը գործնական փուլ կթևակոխի: Ապրիլին Ավինյանը Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ուղեկցել էր Կոնդ, տեղում ծանոթացրել պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի խնդիրներին ու խոսել զարգացման հեռանկարներից:

Կոնդը 17-րդ դարից պահպանված Երևանի ամենահին թաղամասերից է: Կանգուն որոշ կառույցներ թվագրվում են դեռևս միջին դարերով: Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով` «կոնդ» նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր: Կոնդում է գտնվում 15-րդ դարի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Եկեղեցին չնայած ավերվել է 1679 թվականին, բայց վերականգնվել է 1710-ին ժամանակի մեծահարուստ Մելիք Աղամալյանի կողմից: Թաղամասում կա նաև հին պարսկական մզկիթ:2006 թվականին կառավարության որոշմամբ Կոնդ թաղամասը ճանաչվեց հանրային բացառիկ գերակա շահի ենթակա տարածք:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---