Արցախում պայթյունի զոհերի ԴՆԹ փորձաքննությունը շարունակվում է

Արցախում պայթյունի զոհերի ԴՆԹ փորձաքննությունը շարունակվում է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի դատագենետիկական փորձաքննությունը շարունակվում է: Այդ մասին ասել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը՝ հրաժարվելով կոնկրետ նշել, թե քանի նմուշ է փորձաքննության ենթարկվել և քանի մարմին է նույնականացվել, հայտնում է Aysor.am-ը։

«Գործը նախաքննության փուլում է, ուստի կոնկրետ տվյալներ չեմ կարող տրամադրել, միայն կարող եմ ասել, որ դատագենետիկական փորձաքննությունը շարունակվում է», - ասել է նա՝ հավելելով, որ նույնականացման դեպքեր լինում են, և մասունքները հանձնվում են հարազատներին։

Ծատրյանն ասել է նաև, որ Հայաստան օդային ու ցամաքային ճանապարհով տեղափոխվելուց ի վեր՝ մինչ օրս, գրանցվել է 44 անձի մահ։ Մահերի մեծ մասը պայթյունից արյվածքների հետևանքով է։

Մարիամ Ծատրյանը նշել է, որ նոյմբերի 15-ի դրությամբ Արցախից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող անձանց թիվը 87 է։

«Նրանցից 8-ի վիճակը ծանր է, 2-ինը՝ ծայրահեղ ծանր։ 19 պացիենտ շարունակում է բուժում ստանալ արտասահմանյան նեղ մասնագիտական տարբեր կլինիկաներում։ Մենք պարբերաբար մասնագետների հետ կապի մեջ ենք և այս մասով դրական լուրեր ունենք։ Նրանց առողջական վիճակի մեջ դրական դինամիկա նկատվում է», - ասել է նա։

Սեպտեմբերի վերջի տվյալներով՝ ինչպես ներկայացրել էր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հաստատված մահերի թիվը 68 է եղել, որից պարզ է եղել միայն 21-ի ինքնությունը: Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է եղել, որոնցից 168-ը տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։ Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ անհետ կորած է համարվում 105 հոգի։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---