Թուրք լրագրողը կարող է 17 տարվա բանտարկության դատապարտվել Հրանտ Դինքի մասին գրքի համար

PanARMENIAN.Net - Թուրքական «Միլիեթ» թերթի լրագրող Նեդիմ Շեները կարող է 17 տարվա ազատազրկման դատապարտվել «Դինքի սպանությունը եւ գաղտնի ծառայության սուտը» գրքի համար:



Գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես Թուրքիայի անվտանգության ուժերը չկատարեցին իրենց պարտականությունները Դինքի սպանությունը կանխելու համար: Շեների դեմ մի քանի դատական հայց է ներկայացվել: Շեների գործով առաջին դատավարությունը տեղի կունենա հունիսի 26-ին: Լրագրողի դեմ հայց են ներկայացրել ոստիկանության սպաներ Մուհիտտին Զենիթը, ոստիկանության քննչական բաժնի պետ Ռամազան Աքյուրեքը եւ Ստամբուլի ոստիկանության քննչական բյուրոյի պետ Ալի Ֆուատ Յուլմազերի դեմ:



«Ստամբուլի քրեական դատարանում ինձնից եւ մարդասպաններից բացի ոչ ոք չկա: Իմ դեմ հայցով դիմած սպաները, որոնք չեն կատարել իրենց պարտքը, չեն հետեւել հետախուզության զեկույցներին, որտեղ ասվում էր նախապատրաստվող սպանությունների մասին: Ես իրենց համար թիրախ դարձա, քանի որ ճշմարտությունն եմ գրել»,-ասել է լրագրողը:



Նրա խոսքերով, հետախուզության ղեկավարները կեղծ փաստաթղթեր են ստեղծում իրենց սուտը թաքցնելու համար: «Քննչական հանձնաժողովի զեկույցը վարչապետին բացահայտեց այդ սուտը, մասնավորապես, այնտեղ ասվում է, որ Աքյուրեկն ու Յուլմազերը չեն կատարել իրենց պարտականությունները: Զեկույցի տակ կա նաեւ վարչապետի ստորագրությունը: Եվ ես գրել եմ այդ մասին: Սա է իմ միակ հանցագործությունը»,-ասել է Շեները:



Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության մուտքի մոտ ազգայնամոլ Օգյուն Սամաստի կողմից: Սակայն վերջերս թուրքական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ իրականում Դինքին բոլորովին այլ մարդ է սպանել:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---