2023-ի բյուջեով 70 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ–ից բռնի տեղահանվածներին. Եվս 3%-ի վերաբաշխում կիրականացվի

2023-ի բյուջեով 70 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ–ից բռնի տեղահանվածներին. Եվս 3%-ի վերաբաշխում կիրականացվի

PanARMENIAN.Net - 2023 թ. պետական բյուջեով ավելի քան 70 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքների և պաշտպանական լրացուցիչ ծրագրերի համար։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Այդ նպատակով կկրճատվեն պետական բյուջեի այլ հոդվածներ և կվերաբաշխվեն բյուջեի ծախսերը ոչ ավելի, քան 3 տոկոսով։

Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը նշել է, որ սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 արցածցիներին սոցիալական և ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունն իրականացրել և շարունակում է իրականացնել մեծածավալ բյուջետային հատկացումներ, որոնք տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված չեն եղել:

Փոխնախարարի հավաստմամբ առաջարկվող փոփոխությամբ Կառավարությանը հնարավորություն կընձեռնվի 2023 թվականի պետական բյուջեի շրջանակում իրականացնել ևս 3 տոկոս՝ 77.7 մլրդ դրամի վերաբաշխումներ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---