Նասիմ Թալեբը` «Գիտության և գործարարության օրեր» համաժողովի հատուկ հյուր

Նասիմ Թալեբը` «Գիտության և գործարարության օրեր» համաժողովի հատուկ հյուր

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կայանալիք Գիտության և գործարարության օրեր համաժողովի վերաբերյալ` այս տարի հատուկ հյուրը կլինի ականավոր գիտնական, փիլիսոփա և գործարար Նասիմ Թալեբը, հայտնում է Արմենպրեսը։

2022–ին համաժողովի հատուկ հյուրն էր Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը:

«Այս տարի հատուկ հյուրի կարգավիճակում սպասում ենք ականավոր գիտնական, փիլիսոփա և բիզնեսմեն Նասիմ Թալեբին։ Ենթադրում եմ տեղյակ եք նրա աշխատությունների մասին, որոնք համաշխարհային բեսթսելերներ են, օրինակ «Սև կարապը» կամ «Հակափխրունությունը»: Բացի Թալեբի ելույթից, լինելու են նաև բազմաթիվ հետաքրքիր այլ ելույթներ և պանելային քննարկումներ, օրինակ՝ «Գիտության հզորացումը. կամուրջ գիտության և գործարարության միջև» խորագրով քննարկումը և այլն։ Կլինեն նաև անակնկալներ»,–ասել է նա։

Իսպիրյանը պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ պայմաններ ու նախադրյալներ կան նման ոլորտային համագործակցության համար և ի՞նչ դեր ունի այդտեղ պետությունը և մասնավորապես Էկոնոմիկայի նախարարությունը:

«Ինչպես արդեն նշեցի, ունենք պանելային քննարկում գիտությունը բիզնեսի հետ կամրջելու թեմայով: Նախադրյալների մասին խոսելիս՝ կնշեի նախարարության հատուկ ուշադրությանը գիտելիքահեն տնտեսության զարգացման նկատմամբ, և, ինչու ոչ, նման համաժողովների կազմակերպումը Էկոնոմիկայի նախարարության կողմից տալիս է հնարավորություններ գիտությունն էլ ավելի մոտեցնել գործարարությանը, ստեղծում է նախադրյալներ և միջոլորտային կապեր՝ միմյանց ճանաչելու և համատեղ ծրագրեր սկսելու համար»,–ասել է փոխնախարարը։

Նշվել է, որ համաժողովին մասնակցությունը տոմսերով է և ամբողջ հասույթն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու ծրագրերին

«Այս պահին տոմսերն ազատ վաճառքի են․․․Համաժողովի նախասրահում լինելու է նաև էքսպո-ցուցահանդես, որի մուտքը օրվա երկրորդ կեսից լինելու է ազատ բոլորի համար»,–ասել է Իսպիրյանը։

Նա հավելել է, որ համաժողովն ունի ամենամյա բնույթ, որն էլ ավելի կամրապնդի գիտության և գործարարության միջև կապը։

Իսպիրյանը խոսել է նաև անակնկալներից մեկի մասին։

«Դա բոլորիս քաջ հայտնի համաշխարհային TED-ի ֆորմատով կարճ բանախոսություններն են, որն անվանել ենք SBD Talks, ինչը նորություն է այս տարվա համաժողովի համար»,–ասել է փոխնախարարը։

«Գիտության և գործարարության օրեր» համաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 1-2–ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Տոմսը նախատեսված է 2 օրվա մասնակցության համար։ Տոմսերի արժեքը 10,000-500,000 դրամ է:

VVIP տոմս, ներառում է մասնակցություն բանախոսների հետ փակ միջոցառումներին։

VIP տոմս, ներառում է մուտք դեպքի նեթվորքինգ հարթակ բանախոսների հետ սուրճի ընդմիջման ընթացքում։

Photo. TASS via Getty Images
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---