Նախարար. Անկախ նրանից՝ ԼՂ–ից բռնի տեղահանվածն ունի ՀՀ քաղաքացիություն, թե՝ ոչ, կստանա թոշակ

Նախարար. Անկախ նրանից՝ ԼՂ–ից բռնի տեղահանվածն ունի ՀՀ քաղաքացիություն, թե՝ ոչ, կստանա թոշակ

PanARMENIAN.Net - ԼՂ–ում ունեցած աշխատանքային ստաժն ու զինվորական ծառայությունը ՀՀ–ում հաշվի կառնվեն կենսաթոշակ և նպաստ ստանալու համար։ Այդ մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ՝ ներկայացնելով «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

«Կատարելով օրենսդրական այս փոփոխությունները` ԼՂ–ից բռնի տեղահանված մեր քաղաքացիները հնարավորություն կստանան ՀՀ–ում օգտվելու իրենց սոցիալական երաշխիքներից ու ստանալու կենսաթոշակ և նպաստ։ Օրենսդրական այս փոփոխություններով սահմանվում են կենսաթոշակ և նպաստ ստանալու առանձնահատկությունները, հաշվարկելու կարգը»,– հայտարարել է նախարարը, գրում է Sputnik Արմենիան։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին, թե արդյոք կենսաթոշակ և նպաստ կստանան նաև այն արցախցիները, որոնք ՀՀ քաղաքացի չեն կամ չեն դառնա, նախարար Մկրտչյանը պատասխանել է ասելով, որ անկախ նրանից նրանք կդիմեն ՀՀ քաղաքացիության, թե ոչ, կստանան կենսաթոշակ, քանի որ արդեն իսկ ունեն փախստականի կարգավիճակ։

«Եթե անձի կենսաթոշակային տարիքը լրացել է սեպտեմբերի 19–ի տեղահանումից հետո, ապա նա կարող է դիմել ՀՀ–ում գործող համապատասխան սոցիալական տարածքային կենտրոններ ու ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, այնպես էլ նրանք, կանցնեն նույն ընթացակարգերը ու կստանան կենսաթոշակ»,– ընդգծել է նախարարը։

Ըստ Մկրտչյանի` ԼՂ–ում ունեցած աշխատանքային ստաժն ու զինվորական ծառայության մասին տվյալների բազան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերցնի, կտեղայնացնի, ու ԼՂ–ից բռնի տեղահանվածներն այդպիսով կկարողանան ստանալ կենսաթոշակներն ու նպաստները։

Մկրտչյանը տեղեկացրել է, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների կենսաթոշակների ու նպաստների հաշվարկը շուտով կավարտեն ու դեկտեմբերին կսկսեն վճարել։

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի այն հարցին, թե ինչ է լինելու այն արցախցիների ճակատագիրը, որոնք ԼՂ–ում օգտվում էին կենսաթոշակային կուտակային ֆոնդերից, նախարար Մկրտչյանը նշեց, որ այս հարցը դեռ չեն ներառել օրենքում, քանի որ դրա համար մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտություն կա, որի մասին առաջիկայում կիրազեկեն։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---