Արցախցի երեխաների համար մեկնարկել է «Թևեր» ծրագիրը

Արցախցի երեխաների համար մեկնարկել է «Թևեր» ծրագիրը

PanARMENIAN.Net - Արցախից բռնի տեղահանված երեխաների վերականգնման, սոցիալական ադապտացման ու նոր հմտությունների ձևավորման նպատակով մեկնարկել է «Թևեր» ծրագիրը, որն իրականացվում է IDeA պլատֆորմի, «Մենք ենք մեր սարերը» գործակալության և Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից:

«Դեռ Արցախում «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել՝ մեղմելու երկարատեւ շրջափակման հումանիտար հետեւանքները Արցախի բնակչության համար: Հավատարիմ մնալով իր համահիմնադրի՝ Ռուբեն Վարդանյանի կողմից նախանշված առաքելությանն ու սկզբունքներին եւ կարեւորելով հատկապես արցախցի երեխաների հոգեկան եւ ֆիզիկական առողջության վերականգնումը շրջափակման եւ բռնի տեղահանման փորձություններից հետո, գործակալությունը սկսել է «Թեւեր» ծրագիրը՝ մեր երեխաներին և նրանց ծնողներին «թևեր տալու» նպատակով: Հուսով ենք, այն կօգնի նրանց հաղթահարել դժվարությունները եւ լավատեսությամբ լցվել ապագայի հանդեպ»,- ծրագրի մեկնարկի միջոցառմանը նշել է նախագծի համակարգող Նարինե Աղաբալյանը:

Ծրագիրը նախատեսված է 4-18 տարեկան արցախցի երեխաների համար։ Առաջին փուլում ընդգրկված է Դիլիջանում բնակվող շուրջ 50 երեխա: Նախատեսվում է, որ ծրագիրն իրականացվելու է հանրապետության բոլոր մարզերում: Յուրաքանչյուր խմբի համար վեց շաբաթ տևող ծրագիրն ուղղված է տարբեր մարզաձևերի ու թերապիաների (լող, ֆուտբոլ, արտթերապիա և այլ) միջոցով ֆիզիկական և հոգեբանական ուժերի վերականգնմանը՝ 4-18 տարեկան երեխաների համար եւ մտավոր ներուժի զարգացմանը (առաջնորդական և ձեռնարկատիրական հմտությունների ձևավորում)՝ 12-18 տարեկան երեխաների համար:

Ծրագրում ներգրավված բարձրակարգ մասնագետները երեխաներին կօգնեն հաղթահարել տրավմատիկ իրողության հետեւանքները, արագ հաստատել նոր սոցիալական կապեր, հարմարվել նոր վայրին և լիարժեք կյանք վերադառնալ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---