Փաշինյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Փաշինյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու համատեղ ծրագրերին, մասնավորապես, Հայաստանում բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությանը վերաբերող հարցեր:

Փաշինյանը պատասխանել է դեսպանների հարցերին և ներկայացրել է ՀՀ կառավարության տեսակետները։

Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:

Նոյեմբերի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին։ Ի պատասխան՝ հայկական կողմն առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին։Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---