Քոչարյանը՝ Շահրամանյանի մասնակցության մասին․ Նոր իրողություններ են բացահայտվել

Քոչարյանը՝ Շահրամանյանի մասնակցության մասին․ Նոր իրողություններ են բացահայտվել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր համար նոր իրողություններ է բացահայտել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քննարկումների ժամանակ։ Այդ մասին Քոչարյանը նիստից հետո ասել է լրագրողների հետ զրույցում։

Շահրամանյանը մասնակցել է նիստին, որն ընթացել է փակ ձևաչափով։

«Ինձ համար բացահայտվել են իրողություններ, որոնք մեկ այլ հարթակում որևէ մեկն իրավասու չէր ստանալու։ Ես հիմա հասկացա, թե Արծվիկ Մինասյանը ինչի չէր ցանկանում, որ Արցախի նախագահի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելը դառնա իրողություն »,- ասել է Քոչարյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա պարզաբանել է, որ խոսքը հետպատերազմյան իրադարձությունների մասին է, քանի որ 44-օրյա պատերազմը միայն դրանով չի ավարտվում, պատերազմից հետո տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք անմիջականորեն կապված են 44–օրյա պատերազմի օրերի և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման ժամանակահատվածի հետ։

Նրա խոսքով, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այժմ օժտված է սահմանադրական լիազորություններով։ Քոչարյանը կարծում է, որ սա ճիշտ որոշում է, որը թույլ է տալիս նման հարթակն օգտագործել որոշակի քաղաքական իրողություններ արձանագրելու համար, որոնք տեսանելի չէին լինի առանց հանձնաժողովի գոյության։

Նոյեմբերի սկզբին քննիչ հանձնաժողովը գրավոր նամակ էր ուղարկել Շահրամանյանին։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանել էր՝ ցանկանում էին հանձնաժողով հրավիրել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նաև պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին, բայց Արցախի նախկին նախագահը Բաքվի բանտում է, իսկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի դեպքում «խոչընդոտը նրա քրեական գործն է»։ Ըստ Քոչարյանի՝ քննարկել և որոշել են Ջալալ Հարությունյանի և Արայիկ Հարությունյանի փոխարեն մի շարք հարցերի պատասխաններ ստանալ Արցախի վերջին նախագահից:Շահրամանյանն ընդունել է հանձնաժողով ներկայանալու հրավերը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---