Փաշինյան․ Բռնի տեղահանվածների վերադարձը ԼՂ այսօրվա դրությամբ իրատեսական չէ

Փաշինյան․ Բռնի տեղահանվածների վերադարձը ԼՂ այսօրվա դրությամբ իրատեսական չէ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բռնի տեղահանված արցախցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ այսօրվա դրությամբ իրատեսական չի համարում։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացիների տեսագրված հարցերին։

Նա հավելել է, որ եթե մարդկանց վերադարձն այս պայմաններում իրատեսական լիներ, արցախցիներն այնտեղից չէին հեռանա։

«Սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված այն իրավիճակը, որը ստիպեց ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին հեռանալ Լեռնային Ղարաբաղից, էթնիկ զտման այդ քաղաքականությունն ու միջավարը չեն փոխվել։ Հետևաբար, եթե մարդկանց վերադարձն այս պայմաններում իրատեսական լիներ, նրանք այնտեղից չէին հեռանա», - ուղիղ եթերում այս մասին ասել է վարչապետը՝ նշելով, որ վերադարձի հարցը քննարկվուըմ է նաև միջազգային մակարդակով։

Նա նշել է, որ կառավարության քաղաքականությունն այն է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները մնան Հայաստանում։

Փաշինյանը հույս է հայտնել, որ շուտով ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կդիմեն, որ ստանան ՀՀ քաղաքացիություն, որպեսզի լիարժեք ներգրավվեն հայաստանյան կյանքին, եթե Լեռնային Ղարաբաղ վերադառնալու օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չեն ունենա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---