Փաշինյան․ ԶՈւ-ում հսկայածավալ բարեփոխումներ են արվում, այդ թվում՝ միջազգային փորձն ուսումնասիրելով

Փաշինյան․ ԶՈւ-ում հսկայածավալ բարեփոխումներ են արվում, այդ թվում՝ միջազգային փորձն ուսումնասիրելով

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացու հարցին, թե ինչո՞ւ բանակում չի կիրառվում զարգացած երկրների մոդելը, ինչպիսին է, օրինակ, Շվեյցարիան, ասել է, որ Հայաստանի զինված ուժերում հսկայածավալ բարեփոխումներ են տեղի ունենում։

Նա նշել է, որ պետությունը գնացել է ատեստավորման միջոցով զինվորականների աշխատավարձերը բարձրացնելու ճանապարհով, քանի որ չի ցանկանում «փակ աչքերով» աշխատավարձ բարձրացնել, հայտնում է Արմենպրեսը։

«ՀՀ բանակում՝ Զինված ուժերում հսկայածավալ բարեփոխումներ են տեղի ունենում: Բարեփոխումներն, այդ թվում, տեղի են ունենում միջազգային փորձն ուսումնասիրելով»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրել է վերջերս ներդրված 24-օրյա վարժական հավաքների մեխանիզմի մասին, որի նպատակներից մեկն ինչ-որ առումով շվեյցարական մոդելի ուղղությամբ գնալն է, երբ պահեստազորը ժամանակ առ ժամանակ կմասնակցի 24-օրյա հավաքներին՝ տիրապետելու զինվորական նվազագույն հմտությունների:

Փաշինյանը նաև նշել է, որ ատեստավորման գործընթացով հիմա էականորեն բարձրացնում են զինվորականների աշխատավարձը:

«Ասում են, թե ինչո՞ւ միանգամից աշխատավարձը չենք բարձրացնում. շատ պարզ պատճառով, այդ թվում դառը փորձի պատճառով. ուզում ենք համոզված լինել, որ այն զինվորականները, որոնց ուսերին մենք դնում են պետության անվտանգությունը պահպանելու պարտավորություն, կարող են իրենց ուսերին կրել այդ բեռը: Մենք չենք ուզում փակ աչքերով բարձրացնել աշխատավարձ: Մենք ուզում ենք, որ նաև հանրությունը համոզված լինի, որ, եթե պետությունն ինչ-որ մեկին վստահել է պահպանել երկրի անվտանգությունն, ապա այդ զինվորականը կարող է կրել այդ պատասխանատվությունը: Պատկերացրեք՝ մենք միլիարդներ ծախսենք, 500-600 հազար դրամ աշխատավարձ տանք մի մարդու, որը չգիտի զինվորական գործը: Իսկ, ցավոք, մեր դառը փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքեր լինում են և ամենևին էլ վիճակագրական շեղման չափ քիչ չեն, որ ուշադրություն չդարձնենք»,-ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---