Ցեղասպանության թանգարանը կհավաքագրի ԼՂ-ից բռնի տեղահանվածների վկայությունները

Ցեղասպանության թանգարանը կհավաքագրի ԼՂ-ից բռնի տեղահանվածների վկայությունները

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կհավաքագրի ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի վկայությունները, որոնք կարող են նպաստել ոչ միայն գիտական ուսումնասիրություններին, այլև իրավական գործընթացներին։

ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթի շրջանակներում ֆինանսավորման է հաստատվել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ներկայացրած հայտը: Ֆինանսավորման շրջանակներում նախատեսված է ձեռք բերել թվով 27 անուն սարք, հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Իրականացվելիք ծրագիրը, ուղղված լինելով թանգարան-ինստիտուտի արդիական տեխնիկական միջոցներով վերազինմանը, թույլ կտա. նորովի խթանել բանավոր պատմությունների (Oral History) ենթագիտակարգը, շարունակաբար հավաքագրել և հետազոտել Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների 2-րդ, 3-րդ և 4-րդ սերունդների բանավոր պատմությունները՝ նախատեսվող համապատասխան շտեմարանի համալրման համար:

Դաշտային, փաստահավաքչական աշխատանքների առավել համակարգված, ճիշտ կազմակերպումը պահանջում է այդ բոլոր մեծարժեք տվյալների որակյալ տեսաձայնագրում, մշակում ու ամբարում:

Դա թույլ կտա նաև հավաքագրել և հետազոտել Արցախից բռնի տեղահանված հայերի վկայությունները, որոնք կարող են նպաստել ոչ միայն գիտական ուսումնասիրություններին, այլև իրավական գործընթացներին:

Ծրագրի իրականացման արդյունքում ՀՑԹԻ-ն հնարավորություն կստանա, բարձրացնել կատարվող գիտական հետազոտությունների տեսանելության մակարդակը, խթանել համագործակցությունը հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական կազմակերպությունների և անհատ հետազոտողների հետ։

Նախագիծը կնպաստի նաև ՀՑԹԻ կրթական և մշակութային ծրագրերի իրականացմանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---