Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ կայացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստը։ Ծառուկյանի պաշտպանները միջնորդել են անթույլատրելի ճանաչել գործով ձեռք բերված բոլոր ապացույցները՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ գործի քննությունն իրականացվել է քննչական ենթակայության խախտմամբ, հայտնում է «Փաստինֆոն»։
Փաստաբանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ եթե հայտնաբերված փաստաթղթերն ինքնին բովանդակում էին հանցագործության հատկանիշներ, ապա նախաքննական մարմինը որևէ քննչական և դատավարական գործողություն չի իրականացվել՝ պարզելու փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունների իսկությունը։
Պաշտպանության կողմի համոզմամբ՝ դրանց նշանակություն չի տրվել, քանի որ դրանք անհայտ ծագման, անստորագիր, տպագրված ոչ արժանահավատ թղթեր են, որոնք հիմնականում բովանդակում են տեղեկություններ՝ նախընտրական ծախսերի մասին։
Հանրային մեղադրող Դավիթ Աղաջանյանն առարկել է միջնորդության դեմ։ Դատախազը նաև հայտնել է, որ փաստաթղթերի հայտնաբերումից հետո ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը որևէ ցուցմունք չի տվել, իսկ փաստաթղթերն ինքնին հանցագործության հատկանիշներ չեն պարունակել, նա ցուցմունք է տվել ավելի ուշ, ինչից հետո հիմքեր են առաջացել քրեական գործ հարուցելու համար։ Դատախազը զերծ է մնացել մանրամասնելուց, թե ինչ ցուցմունքներ են տրվել։
Դատարանը որոշել է հետաձգել միջնորդության լուծումը։
Դատարանն անցել է հիմնական դատալսումներին՝ ապացույցների հետազոտմանը։ Դատախազ Աղաջանյանը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։
Նշված քրեական վարույթը վերաբերում է Ազգային ժողովի՝ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին ենթադրաբար կաշառք տալուն: Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։ Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։