27 նոյեմբերի 2023 - 15:27 AMT
Հվ․ Օսիայի նախագահ․ Մեզ չի հետաքրքրում ՀՀ վարչապետի կարծիքը, որը «ծանրագույն վիճակում թողեց Լեռնային Ղարաբաղը»

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՀՀ–ն ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է, որ հարավօսական ժողովրդին չի հետաքրքրում Փաշինյանի կարծիքը, որը «ծանրագույն վիճակում թողեց Լեռնային Ղարաբաղը»։

Նա նաև ընդգծել է, որ Հարավային Օսիան ճանաչված պետություն է և դրա հետ պետք է հաշվի նստեն բոլորը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդին, որի հետ կապված ենք բազմադարյա բարեկամական կապերով, բայց մեզ հետաքրքիչ չէ ՀՀ վարչապետի կարծիքը, որը ծանրագույն վիճակում թողեց Լեռնային Ղարաբաղը։ Նա դավաճանեց իր իսկ ժողովրդին, որն օգնություն էին սպասում Հայաստանից։ Փաշինյանն իր մեջ համարձակություն չգտավ ճանաչելու Արցախի անկախությունը» Մեզ հետաքրքիր չէ նման քաղաքական գործիչների կարծիքը»,–ասել է Գագլոևը։

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ևս արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը՝ նշելով, որ այն հակասում է Աբխազիայի ինքնիշխանության փաստին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Հայերն Աբխազիայում ունեն այն ամենը, ինչ չկարողացավ երաշխավորել Փաշինյանը Ղարաբաղի հայերին, որոնք նրա քաղաքականության պատճառով բախվեցին պետականության կործանման ողբերգությանը և հայրենի հողից զանգվածային արտագաղթի»,–ասել է նա։

Ըստ Բժանիայի, Փաշինյանի քաղաքականության պատճառով խախտվել է նաև բուն Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացու հարցին, հայտարարել է, որ Հայաստանը լիարժեք և միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ճանաչել Աբխազիան և Օսիան որպես օկուպացված տարածքներ։

«Մենք լիարժեք և միանշանակորեն պաշտպանում ենք Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ժողովրդավարությունը»,- շեշտել է վարչապետը։