Մինչև տարեվերջ ՀՀ ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծումը կսուբսիդավորվի 40–70%-ով

Մինչև տարեվերջ ՀՀ ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծումը կսուբսիդավորվի 40–70%-ով

PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ ՀՀ կառավարությունը 40–70 տոկոսով կսուբսիդավորի 3–րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծումը։ Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը նշել է, որ պետությունը մաքսազերծման փոխհատուցման գումար կտրամադրի այն քաղաքացիներին, որոնք մինչև 2023 թ. դեկտեմբերի 4–ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով 3–րդ երկրներից ներմուծել են մարդատար ավտոմեքենա և դեկտեմբերի 5–30–ը կկատարեն մաքսազերծում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող մեքենայի դեպքում պետությունը փոխհատուցելու է վճարման ենթակա գումարի 40%–ը, 5 տարուց ավելիի դեպքում՝ վճարման ենթակա գումարի 70%–ը»,– ընդգծել է նա։

Նա ևս մեկ անգամ շեշտեԼ է, որ հունվար 1–ից կսահմանվի խիստ պահանջ, որով չի թույլատրվի 3–րդ երկրների համարանիշերով ավտոմեքենաների ձևական ժամանակավոր ներմուծումը ՀՀ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ քաղաքացիները գնում են այդ քայլին, քանի որ Վրաստանում մաքսատուրքն ավելի քիչ է, քան ՀՀ–ում։

Նա ավելացրել է, որ ոստիկանությունը զուգահեռ վարչարարություն կիրականացնի նրանց նկատմամբ, որոնց մեքենաների շահագործումը չի համապատասխանի այս կանոններին։

«Վարչական լծակներով կդրդենք, որպեսզի երթևեկեն ՀՀ համարանիշերով»,– հայտարարել է վարչապետը։

2023 թվականի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր ներմուծված և չվերաարտահանված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրի դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների քանակը կազմում է մոտ 9000, որոնց համար միասնական դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի հաշվարկային գնահատված մեծությունը կազմում է մոտ 44.3 մլրդ. դրամ, եթե այդ տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության նպատակով ստանային մաքսային ձևակերպում։ Մասնավորապես, մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը կազմում է մոտ 1200, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը՝ մոտ 7800։ Այդ տրանսպորտային միջոցներն ամբողջությամբ ՀՀ–ում ֆիզիկական անձանց կողմից մաքսային ձևակերպում կատարելու պարագայում մինչև 5 տարեկան ավտոմեքենաների մասով կարող է գանձվել մոտ 7.8 մլրդ. դրամ, իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների գծով՝ մոտ 36.5 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---