12 դեկտեմբերի 2023 - 18:06 AMT
Գիլոյան․ Հեծանիվներ ենք բաժանելու դպրոցներին, մի օր Հոլանդիայի պես երկիր կդառնանք

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտարարել է, որ սեղանի թենիսն ու հեծանվային խճուղավազքն առաջիկայում դպրոցականների համար դառնալու են մասսայական, դպրոցականները կկարողանան մասնակցել «Վարչապետի գավաթ» միջոցառումներին։

«Հսկայածավալ գույք ենք տրամադրելու այդ ամենը ճիշտ իրականացնելու և մրցակցային դարձնելու համար։ Շուտով պայմանական տենդեր ենք հայտարարելու, մեծաքանակ հեծանիվներ ենք գնելու, բաժանվելու են դպրոցներին, որպեսզի դպրոցները կարողանան թիմեր ձևավորել։ Նախ՝ նրանք կմասնակցեն տեղական մրցումներին, հետո արդեն՝ եզրափակիչ փուլին»,–ասել է Գիլոյանը, գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ դրանով հազարավոր երեխաների հնարավորություն կտանք սովորել հեծանիվ վարել, հետո այն դարձնել առօրյայում տեղափոխման միջոց։

«Հայաստանը մի օր կդարձնենք Հոլանդիայի պես երկիր։ Դա մի քանի խնդիր կլուծի՝ էկոլոգիայի, առողջ ապրելակերպի։ Մենք այսպիսի գաղափար ենք ընդունել, ավելի լավ է մարզադպրոցներ կառուցենք, քան՝ հիվանդանոցներ»,-ասել է Գիլոյանը։