Ավինյան․ Կայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է

Ավինյան․ Կայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստի ժամանակ հայտարարել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների (կարմիր գծեր) վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է, հայտնում է Sputnik Արմենիան։

Ավագանու նիստում քննարկվում է կայանման դրույքաչափերը բարձրացնելու հարցը։

Առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160,000 դրամ, իսկ կենտրոնից դուրս (Երևան քաղաքի «Բ» գոտի)` 24,000 դրամ։ Այս օրինագիծը քաղաքացիների շրջանում ոչ միանշանակ է ընդունվել և շատերը դեմ են նման փոփոխությունների։

«Հեշտ է քննադատել ավտոկայանատեղիների վճարի բարձրացման մասին օրինագիծը, բայց գնալ համակարգային և միևնույն ժամանակ դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնել՝ շատ ավելի դժվար է։ Սակագների բարձրացումն ինքնին հեշտ է, բայց պետք է հասկանալ, որ դա ընդհանուր համակարգի մի մասն է, իսկ դա ենթադրում է տրանսպորտային համակարգի կատարելագործում, ուղեվարձի միասնական տոմսային համակարգի ներդրում, ավտոկայանատեղերի կառուցում և այլն»,– օրինագծի քննարկման ընթացքում շեշտել է Ավինյանը։

Նա ընդգծել է, որ նախատեսվում է առաջիկա տարիներին կենտրոնում 4 խոշոր ավտոկայանատեղի կառուցել:

Քաղաքապետը շեշտել է, որ, իհարկե, կարող են սպասել ևս մեկ տարի, 10 տարի, 20 տարի, բայց համայնքը համակարգային լուծումների է գնում և չեն ցանկանում կորցնել ևս մեկ տարի։ Նա նշել է, որ այժմ պետք է հանրային տրանսպորտին էական առաջնահերթություն տալ, այնպես անել, որ շատ կարմիր գծեր դառնան կապույտ (ավտոբուսների և միկրոավտոբուսների համար,– խմբ.)։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը նշեց, որ քաղաքը բեռնաթափելուց առաջ պետք է այն հարմարավետ դարձնել քաղաքացիների համար։

Տիգրան Ավինյանն ընդգծել է քաղաքը պետք է հարմարավետ դարձնել մարդկանց համար, ոչ թե մեքենաների։ Ըստ նրա չնայած այս նախագիծը շատ է քննադատվել, բայց վստահաբար այն արդյունք կտա։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 26–ի առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ մայրաքաղաքում սպասվող թանկացումների: Ավագանու ընդդիմադիր անդամները դեմ են կենտրոնում և որոշ վարչական շրջաններում կայանման գնի բարձրացմանը: «Մայր Հայաստանը» կոչ էր արել կոալիցիայի մաս չկազմող խմբակցություններին չներկայանալ նիստին, որպեսզի քվորում չապահովվի, նիստը չկայանա։ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն ավագանու նիստից առաջ հայտարարել է, որ իրենք ևս դեմ են թանկացումներին և միանում են բոյկոտին: Սակայն «Հանրային ձայնը» ներկայացել է նիստին և քվորում ապահովել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---