Ադրբեջանի Միլի մեջլիսը հայտարարություն է ընդունել Հայաստանի տարածք «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» մասին։ Հայտարարությունն ընթերցել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահը։
Ըստ դրա, Հայաստանի տարածքում բնակվող բնակչության «մեծ մասը ադրբեջանցիներ են եղել», գրում է APA-ն։
Նշվում է, թե իբր «ադրբեջանցիները դարերով ապրել են ներկայիս Հայաստանի տարածքում և, որ պատմական փաստաթղթերն ու քարտեզներն ապացուցում են, որ բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել»։
Արցախի լիակատար հայաթափումից հետո Ադրբեջանի իշխանությունները գնալով ավելի ակտիվորեն են առաջ քաշում Հայաստանում «ադրբեջանցիների վերաբնակեցման» հարցը։ Դեկտեմբերի 9–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը համաձայնվի, որ երկու կողմերի ազգային փոքրամասնությունների համար խաղաղության պայմանագրում լինեն նույն ձևակերպումներըկամ այդ հարցը պետք է ընդհանրապես հանվի պայմանագրից։
Ալիևը «մոռացել է» հիշատակել Բաքվում, Սումգայիթում, Ադրբեջանի այլ քաղաքներում ջարդերի ենթարկված և Հայաստան փախած հայերի մասին, որոնց քանակը հասնում էր մոտ 500,000–ի։ 1990-ի հունվարի 13-19-ը հայերի ջարդերի արդյունքում Բաքվում, ըստ տարբեր գնահատականների, մոտ 400 մարդ է սպանվել: